Հաջորդ կենդանին, որին Իրանը կուղարկի տիեզերք, կարող է դառնալ պարսկական կատուն: Ըստ Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Մուհիմմադ Էբրահիմիի, գիտնականներն այժմ ընտրություն են կատարում կատվի, նապաստակի և մկների միջև: Նոր տիեզերական թռիչքը ծրագրվում է իրականացնել մինչև իրանական տարվա վերջ՝ 2014 թվականի մարտի 21: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:

Էբրահիմին հայտարարել է, որ իրանցի ինժեներները և գիտնականները մտադիր են կենդանիների տիեզերք ուղարկել «արդեն այս տարի»: Նրանք կկատարեն ոչ լրիվ պտույտ երկրի ուղեծրի շուրջ, ինչի համար կօգտագործվի հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ:

Ավելի վաղ Իրանը արդեն իսկ կենդանիներ էր ուղարկել տիեզերք: 2010 թվականին տիեզերք էին ուղարկվել մկներ, կրիա և որդեր, իսկ 2013 թվականին հունվարին տիեզերական բարեհաջող թռիչք էր կատարել կապիկը: