Բալետի առաջատար մենակատար Մերի Հովհաննիսյանն օրերս է վերադարձել Քաթարից և առաջինը esem.am-ին պատմել իր և Խորեն Լևոնյանի որդու' Արմենչիկի հետ վայելած հանգստի և ճամփորդության նպատակների մասին:

Բալետի պարուհուց տեղեկացանք, որ օգոստոսին' մինչ Քաթար մեկնելը, որդու հետ պասիվ հանգիստ է ունեցել Աղվերանում, որի ընթացքում Արմենչիկը շատ ակտիվ է եղել ու հաճախ մայրիկի հետ լողավազան է գնացել: Իսկ Քաթար մեկնելիս փոքրիկը մայրիկին չի ուղեկցել, որովհետև վերջինս հյուրախաղերի էր մեկնել «Սպարտակ» ներկայացմամբ, որի առաջատար պարուհիներից է և հանդես է եկել Էգինայի կերպարում:

Ըստ Մերիի' առաջին անգամ էին մուսուլմանական այդ երկրում և հանդես են եկել երեք ներկայացմամբ: «Ես առաջին օրը պարեցի, որից հետո ժամանակ ունեի այս անգամ արդեն ակտիվ հանգիստ վայելել»,-նշեց պարուհին և փոխանցեց, որ փորձերից ու ներկայացումից հետո հնարավորություն է ունեցել ծով գնալու և մկանները հանգստացնելու:

 

Մերիի փոխանցմամբ' մուսուլմանական երկրում ներկայացման դերակատարները' թե´ աղջիկները, թե´ տղաները, ստիպված են եղել թափանցիկ տաբատներ հագնել. «Ամեն ինչ շատ լավ անցավ, ներկայացումներից հետո ժողով ունեցանք ու պարզեցինք, որ նրանք շատ են հավանել մեր ելույթները և հնարավոր է' առաջիկայում այլ ներկայացմամբ ևս լինենք այնտեղ»:

Քաթարում խեղդվելու աստիճան շոգ է եղել. «Անկախ շոգ ու խոնավ եղանակից, կարողացանք վայելել Քաթարը: Ինձ անչափ դուր եկավ սաֆարին, որը միևնույն ժամանակ և´ հետաքրքիր էր, և´ դժվար»:

Ի դեպ, Արմենչիկը, ով մոր ճամփորդության ընթացքում տատիկի մոտ է մնացել, մի պայմանով է Մերիին ճամփորդության ուղարկել:) «Ինձնից ի սկզբանե սպիտակ մոտոցիկլետ էր ուզել, սակայն երբ այնտեղից զանգահարում էի, ամեն անգամ մոտոցիկլետի գույները փոխում էր: Արդյունքում' չորս տարբեր գույների խաղալիք մոտոցիկլետներ եմ բերել»,-ավելացրեց պարուհին, ում խոսքերով' բացի իր համար գնած շարֆերն ու զարդերը, կարողացել է Արմենչիկին նաև գունավոր «բաբչկաներ» գնել, որոնք փոքրիկը շատ է սիրում:

Քեզ նորանոր հաջողություններ. Արևիկ Իսաջանյան