Ծաղրածուների նկատմամբ վախից մինչև դեղին գույնից սարսափը: Կան հազարավոր տարօրինակ ֆոբիաներ, որոնք փչացնում են դրանցով տառապող մարդկանց կյանքը: The Telegraph-ը ներկայացնում է 13 ամենատարօրինակ ֆոբիաները, որոնք փոխանցում է InoPressa-ն։

1.Կսանտոֆոբիա՝ վախ դեղին գույնից

Կսանտոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են ցանկացած դեղին օբյեկտից՝ արև, նարգիզներ և դեղին ներկեր: Իր ամենածայրահեղ դրսևորման դեպքում կսանտոֆոբիայով տառապող մարդիկ կարող են վախենալ նույնիսկ «դեղին» բառից:

2.Տուրոֆոբիա՝ վախ պանրից

Այս ֆոբիայով տառապող մարդկանց մոտ պանիրը որպես կանոն ասոցացվում է որևէ տրավմատիկ հիշողության հետ: Տուրոֆոբներն ինքնամոռաց փախչում են նույնիսկ այն դեպքում, երբ տեսնում են պանրի փոքրիկ կտոր: Նրանց մի մասը վախենում է պանրի որոշ տեսակներից, իսկ մնացածը՝ բոլոր տեսակի պանիրներից:

3.Սոմնիֆոբիա՝ քնելու վախ

Սոմնիֆոբիայով տառապողները վախենում են քնել, որովհետև քունը նրանց մոտ նույնացվում է մահվան հետ: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև մղձավանջների և քնի մեջ ինքնակառավարումը կորցնելու վախի պատճառով: Սոմնիֆոբները վախենում են, որ քնի ժամանակ կարող են զուր ժամանակ վատնել:

4.Կոուլրոֆոբիա՝ վախ ծաղրածուներից

Մեր օրերում կոուլրոֆոբիան բավականին տարածված երևույթ է: Ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների՝ դրանով հիմնականում տառապում են երեխաները: Այս ֆոբիայով տառապում են նաև որոշ հայտնի մարդիկ, որոնց թվում են Ջոնի Դեփը և Դենիել Ռեդկլիֆը:

5. Հիլոֆոբիա՝ վախ ծառերից

Հիլոֆոբիան վախն է ծառերից կամ անտառներից: Դա հիմնականում դրսևորվում է այն ժամանակ, երբ երեխան դիտում է ֆիլմ կամ լսում է հեքիաթ, որում անտառը վախենալու է, իսկ ծառերը՝ չար: Շատ հիլոֆոբներ չեն կարողանում իրենց վախը հաղթահարել տարիքի ընթացքում, ինչի արդյունքում այգում զբոսնելը նրանց մոտ տագնապ է առաջացնում:

6. Օմֆալոֆոբիա՝ վախ պորտերից

Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են, երբ որևէ մեկը կպնում է նրանց պորտին կամ իրենք են կպնում ուրիշի պարտին: Այս վախի առաջացումը հիմնականում կապված է նրա հետ, որ պորտերը նույնացվում են պորտալարի և մայրական արգանդի հետ։ Երբեմն օմֆալոֆոբները վախենում են նայել կամ նույնիսկ մտածել պորտերի մասին:

7. Նոմոֆոբիա՝ առանց բջջային կապի մնալու վախ

Իր անվանումն այս հիվանդությունը ստացել է 5 տարի առաջ: Ըստ նոր հետազոտությունների տվյալների՝ այս ֆոբիայով տառապում է Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին: Մարդիկ վախենում են հայտնվել տարածքում, որտեղ կապ չկա, վախենում են, որ մարտկոցը կարող է լիցքաթափվել, իսկ երբեմն վախենում են, երբ հեռախոսը նրանց տեսադաշտում չի լինում:

8. Օմբրոֆոբիա՝ վախ անձրևից

Կարծիք կա, որ անձրևից վախը կարող է ձևավորվել մի քանի պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ երեխաներին հաճախ արգելում են փողոց դուրս գալ անձրևի ժամանակ՝ նշելով, որ նրանք կարող են հիվանդանալ: Բացի այդ, անձրևը հաճախ նույնացվում է ընկճախտի հետ:

9. Պապաֆոբիա՝ վախ Հռոմի պապից

Հռոմի պապից վախը բավականին հազվադեպ երևույթ է: Այն սերտորեն կապված է իերոֆոբիայի (վախ հոգևորականների և հոգևոր նշանակության իրերի նկատմամբ) և ագիոֆոբիայի (վախ սրբերից և սրբազան իրերից) հետ: Այս վախը հիմնականում առաջանում է Պապի հետ կապված տրավմա տանելու հետ:

10. Ուրանոֆոբիա՝ վախ երկնքից

Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են երկնքից և հանգուցյալ կյանքից: Նման վախ հիմնականում առաջանում է հավատացյալների մոտ, ովքեր վախենում են Աստծո դատաստանից:

11. Պոգոնոֆոբիա՝ վախ մորուքներից

«Պոգոնոֆոբիա» տերմինն օգտագործվում է 1850-ականներից և նշանակում է վախ մորուքներից: Վերջերս Ջերեմի Պաքսմանը BBC-ին մեղադրել է պոգոնոֆոբիայի համար, երբ նրան քննադատել էին Newsnight հաղորդմանը մորուքով ներկայանալու համար:

12. Տրիպոֆոբիա՝ վախ անցքերից

Տրիպոֆոբները տառապում են առարկաներից, որոնք ունեն բազմաթիվ մանր անցքեր: Վախերի այս տեսակը դեռևս չեն գրանցել ֆոբիաների պաշտոնական ցանկում, սակայն նշվում է, որ դրանով տառապում են հազարավոր մարդիկ: Ըստ հետազոտությունների արդյունքների՝ այս ֆոբիայով տառապող մարդկանց մոտ անցքը նույնացվում է վտանգի հետ:

13. Տրիսկաիդեկաֆոբիա՝ վախ 13 թվից

Շատ մարդիկ հավատում են 13 թվի հետ կապված նախապաշարմունքներին, սակայն նրանք բոլորը չեն, որ տառապում են տրիսկաիդեկաֆոբիայով: Այս վախը սերտորեն կապված է «ուրբաթ, 13» վախի հետ: