«Գոյ» թատրոնի դերասան Հայկ Կլեկչյանը, ով այս տարվա հունվար-փետրվար ամիսներին խաղացել է նաև «32 ատամ» ակումբի կոմիքսներում, օգոստոսի 24-ին ամուսնացել է: Նրա ընտրյալը՝ Անի Շահնազարյանը, սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

Դերասանից տեղեկացանք, որ իր երկրորդ կեսին գտել է ժամանակին մեծ տարածում ունեցող odnoklassniki.ru սոցցանցի միջոցով: Նրա խոսքերով՝ ինքը Բոբ Մառլիի նկարով ու անունով էջ է ունեցել և Անին մի օր գնահատել է այդ նկարը՝ տալով ամենաբարձր թիվը: «Ինքն առանց ինձ ճանաչելու գնահատեց Բոբ Մարլիի նկարը, որից հետո ես իմանալով, որ նա իմ ընկերոջ ոչ հարազատ քույրն է, գրեցի նրան: Այդպես էլ ծանոթացանք. Բոբ Մարլին ծանոթացրեց մեզ:)»,-ասաց Հայկը և հավելեց, որ դրանից մոտ վեց ամիս անց՝ 2009 թվականից սկսած ընկերություն են արել:

Հայկն ու Անին պսակադրվել են Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո ընկերների ու հարազատների հետ խնջույքը շարունաել են ռեստորաններից մեկում: Ըստ Հայկի՝ հայկական ավանդական զուռնա-դհոլով հարսանիք անելը կապված է հայ լինելու ու հայրենիքը սիրելու հետ: «Հարսանեկան խնջույքը շատ լավ անցավ, ուրախացանք, պարեցինք, իրենց կատարումներով մեզ ուրախացրին դերասան ընկերներս,-նշեց Հայկը և հավելեց, որ հարսանիքին պատրաստվելիս փորձել են պահպանել հայկական սովորությունները, սակայն տարբերվող բաներ ևս արել են: -Ոչ ավանդական տարոսիկներ էինք ընտրել. սովորական «շպիլկաները» հարսի և փեսայի տեսքով էին: Հրավիրատոմսերը ևս տարբերվող էին»:

Նորափեսայից տեղեկացանք նաև, որ իրենց քավորը դերասան Գուրգեն Սարգսյանն է, ում հետ Հայկը բացի «32»-ից, աշխատում է նաև թատրոնում: Նշենք, որ հյուրերի թվում եղել են Արմեն Մազմանյանը՝ կնոջ հետ, դերասաններ Սամվել Թոփալյանը, Արսեն Չաչոյանը, Սարգիս Չոլոյանը, Մոմիկ Հակոբյանը, Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը և այլք:

Մեր խմբագրակազմը շնորհավորում է դերասանին և երջանիկ համատեղ կյանք մաղթում: