Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել Թուրքմենստանում ելույթի համար։

Հունիսին նա ելույթ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան օրը՝ դրա դիմաց ստանալով ռեկորդային 1.5 մլն դոլար հոնորար, գրում է Вести-ն։

Գրեթե 3 ամիս անց Լոպեսը խոստովանել է, որ իր համերգը նման հակասական հեղինակությամբ քաղաքական գործչի համար սխալ է եղել։

Երբ հայտնի է դարձել, որ երգչուհին բացառիկ համերգով կայցելի Թուրքմենստան, շատ արտասահմանցի իրավապաշտպաններ կտրուկ քննադատությամբ են հանդես եկել։ Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Լոպեսն «ազատ է ընտրել, թե որ բռնապետի առաջ ելույթ ունենա փող վաստակելու համար, սակայն պետք չէ մտածել, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա նրա հեղինակության վրա»։

Բանն այն է, որ երգչուհին անձամբ ընդգրկված է Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունում։

Սկանդալային համերգից երեք ամիս անց երգչուհին Cosmopolitan ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալ է գործել. «Ես գիտեմ, որ շատերն ինձ ընդօրինակում են, իսկ դա նշանակում է, որ ես պետք է պատասխանատվություն կրեմ իմ գործողությունների համար։ Սակայն ես վստահեցնում եմ, որ ցանկացած ժամանակ, սխալ գործելիս, ես պատրաստ եմ ընդունել այն և փորձել ուղղվել։ Ես բոլորի նման մարդ եմ, և երբեմն սխալ որոշումներ եմ կայացնում»,- ասել է երգչուհին։