Ապացուցված է, որ դպրոցական երեխաների մոտ կեցվածքի խախտման հիմանական պատճառը նստելու սխալ դիրքն է: Երեխան այդպես անցկացնում է բավականին երկար ժամանակ դասերի ընթացքում և տանը:

Նստելու դիրքը պայմանավորված է կահույքով' աթոռով և սեղանով, որոնց շուրջ նստած՝ երեխան աշխատում է՝ ձևավորելով շարժողական ստերեոտիպեր, որոնք էլ պայմանավորում են կեցվածքը: Շատ կարևոր է տանը նույնպես երեխայի աշխատանքային անկյունը ճիշտ կազմավորելը: Այս պարագայում, եթե նույնիսկ դպրոցական կահույքը փչացնի կեցվածքը, տանը ճիշտ դիրքով աշխատելը կձևավորի ճիշտ կեցվածքն ու կհարթի խնդիրը:

Եթե երեխան սովոր է որևէ տեղ ուղիղ նստելուն, այս սովորությունը կտարածվի ամենուր: Ձեր դպրոցականի կեցվածքը ճիշտ պահելու համար սովորեցրեք նրան ճիշտ նստել գրասեղանի մոտ: Փոքրիկը պետք է նստի ուղիղ, մի փոքր առաջ թեքված: Գլուխը նույնպես պետք է ուղիղ պահի՝ առանց կախելու: Չի կարելի կրծքավանդակով սեղմվել սեղանի եզրին: Ճիշտ դիրքի դեպքում կրծքավանդակի և սեղանի միջև պետք է ձեռքի դաստակն ազատ անցնի: Սխալ է նաև աթոռի եզրին նստելը. սա մեծացնում է ծանրաբեռնվածությունը կոնքի ու մեջքի վրա:

Անհրաժեշտ է հետևել, որ մարմնի քաշը հավասարպես բաշխվի կոնքի երկու կողմերի միջև, հատկապես աղջիկ երեխաների պարագայում: Ձեռքերն ցանկալի է դնել սեղանին ազատ, սիմետրիկ ու առանց ճնշման: Ուսերը պետք է լինեն մի մակարդակի: Ոտքերը պետք է ամբողջ թաթով հենվեն գետնին, ծնկի հատվածում անկյունը պետք է ուղիղ կամ բութ լինի: Սովորեցրեք երեխային ստուգել, արդյոք նա ճիշտ է նստած սեղանի մոտ: Սրա համար բավական է արմունկը դնել սեղանին. եթե այս դիրքում՝ ձգված մատների եզրերը հասնեն աչքի անկյանը, ապա երեխաի դիրքը ճիշտ է: