www.Ladynews.am -ի հյուրասրահում է դերասան Անդրանիկ Հարությունյանը:
-Անդրանի՛կ, Չեխովն ասում էր՝ «ընտանեկան կյանքում կարևորը համբերությունն է, սերը երկար շարունակվել չի կարող», ի՞նչ կասեք, ի՞նչն է ընատնեկան կյանքում ամենակարևորը:
-Հարգանքը միմյանց հանդեպ և փոխադարձ վստահությունը, սրանք այն արժեքներն են, որոնցով կարելի է ապրել երկար և երջանիկ:
-Ձեր կնոջ՝ Մերիի մեջ ի՞նչը Ձեզ գրավվեց առաջին հերթին և միանգամից:
-Անկեղծությունը: Սիրում եմ անկեղծ մարդկանց, բայց, ցավոք, բոլորի հետ չեմ կարող ամուսնանալ, ավա՜ղ, Մերին միակն է և անփոխարինելին:
-Ե՞րբ է իրեն հաջողվում Ձեզ հունից հանել:
-Հիմնականում ամեն օր (ծիծաղում է):
-Հիմնական պատճառնե՞րը:
-Չէ, իրականում համբերատար եմ, դժվարությամբ եմ հունից դուրս գալիս: Մերիին ինձ հաջողվում է համբերությունից հանել, երբ մեքենա եմ վարում, մեկ էլ, երբ ինձ բազմաբովանդակ հաղորդագրություններ է գրում (ծիծաղում է):
-Ասում են՝ կանայք ստեղծված են նրա համար, որ տղամարդիկ սիրեն կանանց, ոչ թե փորձեն հասկանալ: Ինքներդ նախընտրում եք ուղղակի սիրե՞լ, թե՞ հասկանալ Ձեր կնոջը, ո՞րն է ավելի հեշտ:
-Փորձում եմ համատեղել:
-Իսկ նրա հետ հաճա՞խ եք վիճում, ինչի՞ շուրջ կարող է վեճ սկսվել:
-Ո՛չ, հաճախ չենք վիճում, իհարկե, վեճեր լինում են, բայց շատ շուտ հաշտվում ենք, հենց դա էլ հարգանքի և իրար շատ շուտ հասկանալու արդյունքն է:
-Որպես ամուսին պահանջկո՞տ եք կենցաղային հարցերում, թե՞օրինակ, եթե ճաշը պատրաստ չլինի, ինչ-որ կատակ կանե՞ք այդ պահին և կօգնենք Մերիին այն միասին պատրաստել:
-Խոհանոցից շատ հեռու եմ, եթե մենակ մնամ, սոված կմնամ, բայց, իսկապես, պատրաստելուց շատ հեռու եմ:Մերին ինձ կների, որովհետև ես իրեն ոչ մի հարցում չեմ կարողանա օգնել (ծիծաղում է):
-Անդրանի՛կ, երեխայի ծնունդից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
-Ննջասենյակի պատերը (ծիծաղում է), իսկ եթե լուրջ, ապա կյանքս ամբողջությամբ փոխվեց:
-Մի անգամ նշել եք՝ միշտ կաջակցեք Ձեր դստերը՝ իր կյանքի ընթացքում կայացրած ցանկացած որոշման դեպքում, իսկ եթե նա որոշի շարունակել Ձեր ուղին, Դուք դեմ չե՞ք լինի:
-Իհարկե կաջակցեմ, իր կայացրած ցանկացած որոշման դեպքում կողքին կլինեմ, կուզենամ նաև՝ իմ ուղին էլ շարունակի, համոզված եմ մինչև այդ ժամանակը գա, դերասանի համար թատրոնում արդեն նորմալ պայմաններ կլինեն:
-Ի՞նչ եք կարծում առաջին հերթին ի՞նչ է կինն ակնկալում սիրելի տղամարդուց:
-Ինձ թվում է՝ հավատարմություն, նվիրվածություն և անկեղծություն: Պատկերացնո՞ւմ եք երկու տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց ոչ մի անգամ կնոջս չեմ դավաճանել, բա սա կյա՞նք է (ծիծաղում է):
-Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը հետ պտտել, ապա…
-Կուզեի ժամանակը հետ պպտվեր, և ես տեսնեի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին:
Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի: