«Տանը մնացած աղջիկ». ի՞նչ է դա' հոգեվիճա՞կ, հասարակական կարծիքի ճնշմամբ ձևավորված կոմպլե՞քս, թե՞ անիմաստ ազգային կարծրատիպ:

ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ, որը հարիր չէ ոչ մի դաստիարակված և բարեկիրթ մարդու, քանի որ ըստ մեր ազգային հոգեկերտվածքի' դա հասարակական կարծիքի ճնշմամբ ձևավորված բարդույթ է ծնում: Արդյունքում ձևավորվում է հոգեվիճակ բազում ներանձնային կոնֆլիկտներով: Խնդիրը համամարդկային է, մեր մոլորակի ցանկացած անկյունում էլ կա կնոջ տեսակ, ով չի կարողացել գտնել իր երկրորդ կեսին ու կազմի ընտանիք: Ուղղակի մենք' հայերս ենք այդ հարցին վերաբերում բավականին ցավոտ, ու կարծես դրանով խաչ է դրվում կնոջ ճակատագրին, ձևավորվում է մի անիմաստ կարծրատիպ, ու կինը որպես տեսակ վերափոխվում է: Հոգեբանական բախումների արդյունքում նա կորցնում է նաև իր կանացի բավականին արժեքավոր հատկանիշներ: Ձեռք է բերում նոր բնավորության գծեր ու վարք, որոնք նրան ավելի են ճնշում, իսկ ամենասարսափելին այն է, որ հարմարվում են նոր տեսակի ծննդին:

ԿՈՒԶԵՄ ԱՍԵԼ' ԱՆՀԱՏԸ ՀԵՆՑ ԻՆՔՆ Է ՁևԱՎՈՐՈՒՄ իր հոգեվիճակը' տեղիք տալով հասարակական կարծիքին ու ազգային ձևավորված կարծրատիպին: Որպես հոգեբան հարկ եմ համարում միջամտել ու իմ փոքրիկ խնդրանքը հղել այդպիսի կանանց, որը եթե ընդունեք, ապա հավատացեք, կունենաք ավելի կայուն ներաշխարհ: Նախ' հաշվի առեք այն փաստը, որ եթե դուք չունեք ընտանիք, ապա դա չի նշանակում, որ դուք կանացի չեք, այլ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԵՐԱԶԿՈՏ ՈՒ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԵՔ, արդյունքում չեք կարողանում գտնել ձեր երազած տղամարդուն: Հավատացեք, երազանքների ասպետը հաճախ ասպետավայել չի պահում իրեն: ՈՉ Էլ ՆԱ ՎԱՏՆ Է, ԱՅԼ ԱՍԵԼ ԿՈՒԶԵՄ' ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՎՐԻՊԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԼԻՆԻ: Իսկ հիմա խնդրանքս' վայելեք կյանքն իր ողջ գեղեցկությամբ, ընդունեք կյանքի ամենաչնչին մանրուքները որպես ընծա կամ փորձություն, հաղթահարեք դժվարությունները, վայելեք հաղթանակի բերկրանքը: Երբեք չանտեսեք ձեր կանացի սկիզբն ու էությունը: Որքան հնարավոր է վառ հույզերով լցրեք ձեր ներաշխարհը, մի խոսքով, եղեք ծաղկող և արարող: Հավատացեք, այսքանից հետո «տանը մնացած աղջիկ» արտահայտությունը ձեզ ամենևին էլ չի հուզի: