Ամերիկացի դերասան Վենթվորթ Միլերը, որը հայտնի է «Փախուստ» սերիալում կատարած գլխավոր դերով, հրաժարվել է մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնին՝ ի նշան Ռուսաստանում ընդունված հակամիասեռական օրենքի դեմ բողոքի. դերասանն այդ մասին գրել է փառատոնի ղեկավարությանը՝ բացատրելով, որ ինքն անձամբ միասեռական է, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով TMZ-ին։

Պարբերականը նշում է, որ նախկինում 41-ամյա Միլերը հրապարակայնորեն չի խոսել իր սեռական կողմնորոշման մասին և այժմ այդ մասին ասում է առաջին անգամ։

Իր նամակում Միլերը նշել է, որ հաճույքով եղել է Ռուսաստանում նախկինում և նույնիսկ ռուսական արմատներ ունի, սակայն, լինելով միասեռական, ստիպված է հրաժարվել հրավերից։

Դերասանը գրել է նաև, որ չի կարող մասնակցել տոնական միջոցառման, որն անցկացվում է մի երկրում, որտեղ իր նման մարդիկ «զրկված են ազատ ապրելու և սիրելու հիմնարար իրավունքից»։