Երգչուհի Արմինկան ամառային օրերը վայելելուց բացի, զբաղված է նաև նոր երգերի ձայնագրությամբ, որոնցից մեկն արդեն պատրաստ է: Ըստ երգչուհու' մեծ ցանկություն ունի տեսահոլովակ նկարահանել նոր ձայնագրած երգերից մեկի հիման վրա:
Արմինկայի հետ ունեցած զրույցի ընթացքում շատ հետաքրքիր մի բան պարզեցինք. փաստորեն, նա որոշել է կատարել քրոջ' Լուսինե Նահապետյանի երգած երգը:)

«Անցած տարի քույրս ծննդյան տոնի կապակցությամբ երգ է նվեր ստացել Արման Ղազարյանից' Աշոտ Ղազարյանի որդուց: Երգի խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբուլցյանն է, իսկ գործիքավորումն արել է Արմեն Սարգսյանը- esyes.am-ին ասաց Արմինկան և շարունակեց պատմել երգի պատմությունը,- Արմանն ու Լուսինեն շատ մտերիմ են միմյանց հետ, նա Լուսինեին անսպասելի տարել է ձայնագրման ստուդիա, որտեղ էլ քույրս կատարել է այդ երգը»:
Արմինկան նշեց, որ քույրը շատ լավ է երգում և դրա մասին գիտեն իրենց բոլոր ընկերները. «Երգը լսելուց հետո հասկացա, որ ես պետք է կատարեմ այն: Ոչ միայն մեղեդին գրավեց ինձ, այլև այն, որ երգը կարծես ինքնակենսագրական լինի, որն առանձին և´ իմ, և´ Լուսինեի մասին է»:

Երգչուհու փոխանցմամբ' երգը հավանաբար կրկներգի բառերով կկոչվի' «Թող լինի հեքիաթ»: «Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեմ, սակայն չգիտեմ' ինչպես կստացվի: Ընդհանրապես այն երգերը, որոնք այժմ ձայնագրում եմ ոչ թե ձայնասկավառակ ունենալու, այլ տեսահոլովակների համար են»:
Երգչուհին իր ստեղծագործական դադարը կապում է մի շարք հանգամանքների հետ, նշելով' որ այն իր որոշմամբ պայմանավորված չէ: «Ամեն ինչի հետ է կապված. նաև երգարվեստի ընդհանուր վիճակն է այդպիսին: Հուսով եմ' ամեն բան շուտով կանցնի, որովհետև ստեղծագործելու ցանկությունս մեծ է»,- եզրափակեց զրուցակիցս:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը