Երգիչ, դերասան Դավիթ Սեխպեյանը երեկ ներկայացրել է տեսահոլովակ իր առաջին երգի հիման վրա, որը կոչվում է «Անտանելի է»: Դավիթը որոշել է թողարկել այս երգը կնոջ և ընկերների հորդորով: esyes.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս երգը վաղուց ուներ. «Մարդիկ շատ էին մոտենում, հարցնում' թե ինչու ձայնագրություններ չունեմ, հետո ինչ-որ բան ներսից ասաց' Դավ, արա՛: Կինս էլ էր շատ ասում' «Ինչու՞ ես այդ երգերը չորս-հինգ հոգու համար պահում: Հո հանցագործություն չե՞ս անում, ում դուրը չի գա, չի լսի, ով կհավանի' կլսի»: Հիմնական դրդողը, թերևս, կինս էր»:
Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթն է: Հեղինակ-երգիչը, սակայն, դժվարացավ խոսել դրա մասին' միայն նշելով, որ փորձել է ամեն ինչ մինիմալիզմի մեջ անել. «Մոնտաժ անողի մոտից վերցրել եմ ու մի քանի ժամ անց համացանցում տեղադրել: Ես չեմ կարող խոսել այս գործի մասին: Ուզում էի անել, էլի մի քանի հոգու գտա ու արեցինք»:

Դիմահարդարումը, հագուստի և ընդհանուր դիզայնը Դավթի կինը' Նարինեն է արել: «Թեև այս տեսահոլովակը սև-սպիտակ է, սակայն նույինսկ այդ դեպքում պետք է ճիշտ համադրել ամեն ինչ,- ասաց Դավիթն ու հավելեց, որ ադմինիստրատիվ ամբողջ աշխատանքը ինքն ու կինն են արել: -Կինս միշտ ինձ օգնում է բոլոր հարցերում: Հիմա էլ մի պիես եմ ուզում բեմադրել, որի թարգմանության հարցում կինս է ինձ օգնել: Հագուստի ձևավորմամբ ևս ինքն է զբաղվում: Թեև դա առանձին մասնագիտություն է, որպես կին' նա շատ նուրբ ճաշակ ունի ու շատ լավ ծանոթ է պատմությանը: Ցանկացած տեսակի տրամադրություն, որ իրենից «պահանջում» եմ, վայրկյանական ստանում է»:
Տեսահոլովակում առանձին անուններ, ոչ թե խմբի անուն գրելու վերաբերյալ դերասանը հետևյալն ասաց. «Մեր դեպքում տարբեր տեսակի երաժիշտներ համատեղ աշխատում են: Հետագայում եթե էլի համագործակցություն լինի, ես միայն ուրախ կլինեմ, որովհետև նպատակներ կան, որոնք իրենց հետ են կապված: Արմենը, Վահագն ու Արթուրը միասին աշխատել են, խումբ են ունեցել և վաղեմի ընկերներ են: Թավ ջութակահարուհուն մեծ դժվարությամբ գտանք: Այս ընթացքում մի քանի թավջութակահարուհու հետ եմ շփվել. մեկի հետ հանդիպել, մյուսի հետ խոսել, երրորդի հետ գրվել, սակայն զգում էի, որ խառնվածքով ոչ մեկն այն տեսակը չի, որն ինձ պետք է: Երբ Տատայի հետ զրուցեցինք, հասկացա, որ ինքն է, եկավ ու պարզվեց, որ ինքը մի չնաշխարհիկ երևույթ է:)»:

Դերասանը նշեց, որ շատ է սիրում իր գործը' կիթառը, երաժշտությունը, դերասանի վարպետությունը: «Ես իմ դերասանական արվեստից հեռու չեմ գնացել. ես հեղինակային երգերի կատարող եմ: Ես չեմ երգում, ես այդ ձայնը չունեմ, որ երգեմ, ես խաղում եմ երգը: Երաժիշտներն էլ իրենց գործն են անում, մյուս երաժիշտները լուրջ երաժիշտներ են, մեջների «բառադի» երաժիշտը ես էի:)»,- ծիծաղելով նշեց երգիչը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին'Դավիթը նշեց, որ մոտ երկու օրից կթողարկի իր երկրորդ տեսահոլովակը. «Մյուս գործն արդեն Արմեն Սարգսյանի գործն է, ով այս ստեղծագործության մեջ ինձ հետ երգում էր: Մյուսն ավելի լավատեսական երգ է, ուրիշ տեմպի, տրամադրության գույների մեջ: Ես նպատակադրված երգչի կարիերա չեմ սկսել, որ առաջին երգս տեղադրեմ, լրագրողները զանգահարեն, հարցազրույց տամ: Դուք առաջինն եք, որ զանգել եք: Անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս ու խնդիր չունեմ անելիքներս այնպես ծրագրել, որ առաջին տեսահոլովակս լույս տեսնի, մեկ-երկու ամիս հետո միայն երկրորդը թողարկեմ»:

Նշենք, որ Դավիթը երգել է երևանյան ակումբներից մեկում, այժմ, սակայն, նա արձակուրդում է: Դերասանը չի բացառում, որ հնարավոր է' վերսկսի այնտեղ աշխատել, սակայն այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել. «Այնտեղի աշխատակիցներն ու աշխատանքային մթնոլորտը շատ լավն են: Չես նեղվում, նյարդայնանանում, քեզ հատուկ չես պահում, գնում ես' հանգիստ աշխատում և ուրախանում»:
Դավիթն այս շրջանում արձակուրդ է վերցրել նաև հեռուստատեսությունից. «Ես երկու տարի անընդմեջ եթերում էի: Մարդիկ էլ են հոգնել, ես էլ եմ հոգնել: Պետք է որոշ ժամանակ դադար առնես, որպեսզի ասելիք ունենաս, հակառակ դեպքում' ներկայությունդ սովորական կդառնա, կերպարներդ չեն տարբերվի իրարից: Մեկ-մեկ ներսդ լցնել է պետք, թե չէ անընդհատ պրոցեսի մեջ ես ու դուրս ես տալիս: Թատրոնում հենց դա է լավ. մի ներկայացում տալու համար երկու-երեք ամիս պատրաստվելու և լցվելու ժամանակ ես ունենում»:

Առաջիկայի համար դերասանը շատ ծրագրեր ունի, սակայն առայժմ չի ցանկանում խոսել դրանց մասին: Այս ընթացքում ո՛չ հեռուստատեսությունում, ո՛չ թատրոնում չաշխատելու հետ կապված Դավիթն ասաց, որ այլ աշխատանք չունի: «Ես ժամանակին գումար եմ կուտակել, որն այժմ ներդնում եմ: Ես հասկացել եմ, որ հովանավորներ փնտրել չարժե. մի քանի անգամ հովանավորների հետ կապված փորձ ունեցել եմ ու հասկացել, որ ես այդքան առողջություն չունեմ: Գուցե ես եմ ինչ-որ բան սխալ անում, բայց որոշեցի ինքս գլխիս ճարը տեսնել,- ասաց Դավիթը և առաջին տեսահոլովակի հետ կապված իր շնորհակալությունը հայտնեց «32 ակումբի» տղաներին' նկարահանման համար բեմ տրամադրելու համար և իրենց խմբի ջութակահար Արթուրի եղբորը, ով տեխնիկական աջակցություն է ցույց տվել: -Ցանկացած աջակցություն, որ եղել է, շատ գնահատում եմ»:

Հուսով եմ, Դավիթը կշարունակի երգել:). Ամալյա Հովհաննիսյան