Ladynews.am-ի հյուրասրահում է դերասանուհի Շողեր Գրիգորյանը:

-Ի՞նչ է քեզ համար դերասանությունն առաջին հերթին, մասնագիտությո՞ւն, թե՞…

-Մասնագիտությունս, ինչքան էլ' ես չէի ուզենա , ինձ համար մասնագիտությունից վերաճել է կենսակերպի: Իմ լավագույն ծանոթություններն այս ոլորտում են տեղի ունենում, իմ երազանքներն այս դաշտում են իրականանում: Ու թեպետ ես երկրորդ մասնագիտությամբ աստվածաբան եմ, ու տեսակով նաև հետաքրքրասեր, միշտ ինչ-որ բան ուսումնասիրում եմ, բայց բեմը մնում է այն հարթակը, որտեղից ես կարողանում եմ «թռչել»:

-Շողե´ր, ասում են' կինոյում դերասանը խամաճիկ է, իսկ բեմում' առաջնորդ, համամի՞տ ես, եթե այո, այդ ի՞նչ «իրավունքների գերակայություն» է բեմը տալիս դերասանին, որ կինոն և հեռուստատեսությունը չեն կարող տալ:

-Կարծում եմ' որոշակի ճշմարտություն կա դրանում այն իմաստով, որ կինոյում ամենաորոշիչը մոնտաժն է: Ֆելինին Մաստրոյանիին մի անգամ ասել է. «Նայիր այնպես, ինչպես կնայես մորդ թաղման թափորին», ֆիլմում այդ տեսարանում ընդամենը մի կին է անցնում՝ գեղեցիկ բարեմասնություններով: Իսկ բեմում դերասանն է դրության տերը' հանդիսատեսի արձագանքից կախված, իհարկե, ռեժիսորի տված կոնցեպցիայի մեջ, մենք կարող ենք իմպրովիզացիա անել, լողալ դերի մեջ:

 

-Որո՞նք են այն դերերը, որոնք երազում ես խաղալ:

-Ես մեծանում եմ, բայց այդ երազանքս չի փոխվում. շատ կուզենամ Կլեոպատրայի դերում ինձ տեսնել ու կարծում եմ' հենց շեքսպիրյան տարբերակում: Ու նաև հայ հերոսուհու փնտրտուքների մեջ եմ, կուզենամ ֆիլմում մի հայուհու մնայուն կերպարով հանդես գալ:

-Ըստ քեզ' ո՞րն է դերասանի ամենամեծ ձգումն իր ստեղծագործական ողջ ճանապարհի ընթացքում:

-Խաղալ… Երեխայի նման , երբ մեր ձեռքի տակ «խաղալիք» կա, մենք շատ բարի ենք ու հաճելի: Ու ինչպես երեխան, սիրո ու ուշադրության կարիք ունենք: Ես չեմ ամաչում ասել դա. մեր այդ կարիքի մեջ պարզություն եմ տեսնում, և դա ինձ հաճելի է:

-Եթե չեմ սխալվում, «Քույրն» առաջին սերիալն է, որում խաղում ես, առաջարկն ինչպե՞ս ստացար և ինչո՞ւ համաձայնեցիր:

-Ես հանդես եմ եկել նաև Մանեից ծայրահեղ տարբեր՝ Սոխակի դերում' «Բանակում» սերիալում, որը նույնպես ինձ համար փորձարարական աշխատանք էր: Մանեի դերը ինձ միանգամից հետաքրքրեց, որովհետև ոչ սովորական աղջիկ էր' ոչ սովորական ճակատագրով: Պետք է խոստովանեմ' հաճույքով եմ աշխատում այդ դերիս վրա:

600x580

-Մարմնավորում ես մի աղջկա, ով հոգեկան հիվանդ է, ի՞նչ ես կարծում կերպարիդ հավատո՞ւմ է հեռուստադիտողը, նման կերպար խաղալու համար անհրաժեշտություն չկա՞ հոգեբուժարան այցելելու:

-Ինչ խոսք, սկզբում շատ մտավախություններ ունեի. ինչպես գիտեք, սերիալն արագ ու հապճեպ կինոարտադրություն է, ու ես վախենում էի' այդ ռիթմի մեջ չեմ կարողանա ստեղծել այդ, իսկապես բարդ կերպարը: Բայց մարդիկ ինձ մոտենում են փողոցում, գրկում ու ուրախանում, որ ինձ հետ ամեն ինչ լավ է, ասում են, որ ինձ հետ վերապրում են իմ տառապանքները, ինչը ես չէի ուզենա: Հակառակը, կուզենայի' իմ կերպարը տեսնելով' իրենք գնահատեն իրենց տրված կյանքը: Հոգեբուժարան չեմ այցելել, բայց դերի ուսումնասիրությամբ զբաղվում եմ գրականության միջոցով, համաշխարհային կինոյում էլ հրաշալի դերակատարումներ կան, որոնք հաճույքով դիտում եմ ու սովորում:

-Իսկ վախեր չունե՞ս, որ կերպարն իր ազդեցությունը կունենա քո հոգեաշխարհի վրա:

-Ամեն նկարահանումից առաջ ու հետո, ես որոշակի տխրություն ու ծանրություն եմ զգում, բայց աշխատանքի ընթացքում դրանք կորչում են: Ամեն կերպար իրենից ինչ-որ բան թողնում է, բայց իմ պրակտիկայում չեմ հիշում մի կերպար, որն իրենից վատ հետևանքներ է թողել ինձ վրա: Ես Մանեին վերաբերվում եմ որպես դերի ու իր մեջ մի բան կա, որն ինձ զարմացնում է, ու կուզենայի վերցնել իրենից. դա շատ սիրելու ունակությունն է:

 

-Մի առիթով նշել ես' սիրում ես «միայնակ մնալ», իսկ հաճախ կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մնալ, դա դժվա՞ր չի տրվում:

-Սպինոզան ասում է.՚ «Եթե մենակ ես , ուրեմն հստակ ճշտիր, թե ում հետ ես մենակ»: Այնպես որ, երբ ես «մենակ» եմ, ես իմ լավագույն բարեկամի ՝ Աստծո հետ եմ:

-Այդ ժամանակ ի՞նչ մտքեր են պտտվում քո մեջ, ի՞նչ խոհեր ու մտորումներ ես ունենում:

-Շատ տարբեր ու այդ պահերը միայն իմն են, բայց մի բան կարող եմ ասել' երբ շատ ուրախ եմ լինում, մեծ ցանկություն եմ ունենում Դավիթ սաղմոսերգուի նման գովել Աստծուն, բայց միշտ բառերս չեն բավականացնում ու, ըստ արժանվույնս, չեմ կարողանում երախտագիտությունս հայտնել Նրան, ով ինձ կյանք է տվել ու էլ ավելի կյանք:

-Շողե´ր, ընդհանրապես ասում են' բոլոր կանայք «դերասանուհիներ են», և նա, ով վատ խաղա, կպարտվի, ինչպիսի՞ «դերասանուհի ես» որպես կին, հնարավո՞ր է' «պարտվես» տղամարդուն:

-Առանց միստիկացնելու միանգամից կասեմ' որպես կին վատ դերասանուհի եմ. կյանքում չեմ կարողանում խաղալ: Ուրիշ բան, որ երբեք չեն հավատում' ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Միշտ բառերիս տակ ենթատեքստ են փնտրում: Ես դերասանուհի եմ բեմում, մնացած դեպքերում անկեղծ եմ, նույնիսկ չափազանց անկեղծ:

600x580

 

-Տղամարդ-կին հարաբերություններում հավասարության կողմնակի՞ց ես:

-Ինչ խոսք, մենք ստեղծված ենք հավասար ու իրար լրացնելու համար, բայց այսօր եվրոպացի կանայք ծայրահեղության մեջ են ընկել: Նրանք կիսատղմարդիկ են, իսկ արևելյան մուսուլմանական երկրներում էլ կինը դեռ միայն կովի գործառույթ է կատարում՝ ծնել ու սնել: Հայ կինը, հայ խելացի՛ կինը այդ առումով ամենաճիշտ դիրքում է: Ես կարծում եմ փոխզիջման և փոխըմբռնան մեջ է ներդաշնակությունը:

-Որպես կին' ի՞նչ երազանքներ ունես:

-Գտնել նրան, ում հետ ամեն օր ուրախ կապրեմ' մինչև կյանքիս վերջ, ումից հպարտությամբ երեխաներ կունենամ, ում հետ իմ երկրի համար ինչ-որ մի օր ինչ-որ կարևոր բան կանեմ:

600x580

-Մշտապես գեղեցիկ ու գրավիչ լինելու սեփական բանաձև ունե՞ս և ո՞րն է:

-Իմ տարիքում գրավիչ լինելը նորմա է, երբ 50 տարեկանում գեղեցիկ լինեմ, այն ժամանակ, եթե այս հարցն էլի ուղղեք, համոզված եմ' կասեմ լավ տրամադրությունն է կնոջ գեղեցկության գրավականը, Աստվածաշնչում ասվում է. «Ուրախ սիրտը ամեն դեղից լավ է»: Եվ, իհարկե, իմաստությունը, իմաստուն կնոջից գեղեցիկ բան աշխարհում չկա:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի