Արտյոմ Նահապետյանը հետաքրքիր անձնավորություն է: Արդեն որոշակի ձեռքբերումներ ունեցել է ռուսական շոու բիզնեսում, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում երազում է Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեություն ծավալելու մասին: Թերևս այս փաստը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Արտյոմը իր կարիերան սկսել է Հայաստանում: Արտյոմին շատերը կհիշեն «32 ատամ» ակումբից, որտեղ ստեղծագործել է որպես սցենարիստ և դերասան, հետագայում ընդգրկվել է մի շարք այլ նախագծերում: «Բազմիցս հնարավորություն եմ ունեցել' բնակություն հաստատելու թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, սակայն մշտապես փորձել եմ ապրել և գործունեություն ծավալել Հայաստանում: Մտածում էի, որ վաստակածս գումարը ինչքան էլ քիչ լինի' հայկական հողի վրա ես ինձ ավելի ամուր կզգամ: Սակայն երեխայիս ծնունդը փոխեց իմ կյանքի ընթացքը: Հասկացա, որ Հայաստանում իմ վաստակը չի բավարարում' ընտանիքիս ծախսերը հոգալու և կարիերաս զարգացնելու համար, ուստի որոշեցի մեկնել Մոսկվա»,- Mediamall.am - ի հետ զրույցում անկեղծացավ «Comedy club» - ի սցենարիստը: Մոսկվայում ամեն ինչ հեշտ չի սկսվել: Նախ հեռուստաընկերությամբ տեղեկացել է «Camedy battle» նախագծի լսումների մասին: Նախագծի ներկայացումներից մեկի ժամանակ Սեմյոն Սլեպակովը, դիմելով Գարիկ Մարտիրոսյանին, ասել է. «Արտյոմը ինտելեկտուալ հումոր է ներկայացնում, եթե անգամ նախագծում չհաղթի' կարող է մնալ «Camedy club» - ում' որպես սցենարիստ»: Սլեպակովի խոսքերից ոգևորված' Արտյոմը դիմում է ակումբի ղեկավարությանը, փորձաշրջան անցնում, և այժմ համագործակցում է ռուսաստանյան ամենահայտնի նախագծի հետ' գրելով սցենարներ հիմնականում Պավել Վոլյայի համար: Բացի այդ' նա այժմ «Camedy battle» նախագծի կիսաեզրափակիչում է և հաղթելու դեպքում ռուսական շոու բիզնեսում հնչեղ ներկայությունը գրեթե ապահովված է: Իսկ այն փաստը, որ այժմ նա ամենահեղինակավոր հեռուստանախագծի սցենարիստներից է և գրում է ամենասկանդալային «ռեզիդենտի» սցենարները' արդեն իսկ խոսուն փաստ է:



Վարուժան Բաբաջանյան