Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի կնոջ՝ Ալինայի հղիության մասին esyes.am-ն արդեն պատմել է: Զույգի առաջնեկը' դուստրը, ծնվել է հուլիսի 30-ին, Գյումրու քաղաքային ծննդատանը: 3 կգ քաշով և 51 սմ հասակով աղջկան ամուսինները Նարե են կոչել:

«Երբ իմացանք՝ աղջիկ ենք ունենալու, որոշեցինք Վիկտորյա կոչել, բայց հետո Տիգրանը մտափոխվեց, քանի որ լավ գիտեր, որ հիմնականում երեխաներին անունը կարճատում են, իսկ Վիկտորյա անվան կրճատ տարբերակները՝ Վիկա, Վիկուշ, Վիկուլ, նրան այնքան էլ դուր չէին գալիս: Ի վերջո, ընտրեցինք Նարե անունը, ու երբ առաջին անգամ տեսա աղջկաս, հասկացա, որ շատ ճիշտ անուն ենք տվել նրան: Շատ է սազում փոքրիկիս իր անունը, նա իսկական հայուհու կերպարով է ծնվել. սև աչքերով, սև մազերով»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց ծանրամարտիկի կինը՝ Ալինան:

Խոսելով իր ու ամուսնու՝ Տիգրանի զգացողությունների մասին, նորաթուխ մայրիկը նշեց. «Փոքրիկիս առաջին անգամ գրկելու պահին անսահման երջանիկ էի, բայց ուրախության հետ մեկտեղ վախ էի զգում, թե ոնց եմ այս անպաշտպան էակին պաշտպանելու, կկարողանա՞մ նրան տալ այն ամենը, ինչ հարկավոր է:
Իսկ Տիգրանի զգացողությունները, չգիտեմ էլ, ոնց նկարագրեմ. շատ ուրիշ է դարձել, ինքն իր նման չի: Ճիշտ է, երեխային առաջին անգամ գրկելու պահին ես կողքին չեմ եղել, բայց հետո պատմել են, որ ծիծաղելով ասել է. ոնց որ 205 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնեմ. ինքը փոքրիկին Օլիմպաիական հաջողության հետ է համեմատել»:

Նարեի համար անհրաժեշտ գնումները զույգը երկուսով է արել. «Ոչ միայն փոքրիկի, այլև մեզ հետ էլ կապված ամեն ինչ մենք միասին ենք անում: Միասին որոշել ենք, միասին էլ գնել. փառք Աստծո, Նարես ունի այն պապան, որ իր համար ամեն ինչ անում է»,- ասաց Ալինան:
Երեխայի ծնվելուց հետո Տիգրանը նաև անակնկալ նվերներ է մատուցել կնոջը, որի մասին վերջինս չցանկացավ խոսել՝ ասելով, որ ամուսնու նվերները միշտ շատ անձնական են լինում:

esyes.am-ը շնորհավորում է զույգին՝ փոքրիկ Նարեի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

Ներկայացրեց Մերի Պողոսյանը