«Դա 1997 թվականի օգոստոսին էր: Ես եկել էի նրա առաջին ֆիլմի նկարահանումներին, որ խոսուն անուն ուներ «Եվ նրանք սիրեցին իրար»: Նկարահանումները տեղի էին ունենում Շվեյցարիայում: Նկարահանումից հետո գործընկերներիցս մեկը հրավիրեց ինձ ընթրելու հյուրանոցի ռեստորանում, որտեղ իջեւանում էր Աիշվարյա էր: Դա առաջին անգամ էր, երբ մենք հանդիպեցինք աչքերով: Եթե նրան հարցնեք, ապա կասի, որ հենց այդ պահին մեր մեջ ինչ-որ բան շարժվեց: Դրա համար մեր առաջին հանդիպումը ամբողջ կյանքս կհիշեմ»,- մամուլին իրենց առաջին հանդիպումն այսպես է ներկայացրել Բոլիվուդի ամենահայտի դերասանուհի, գեղեցկուհի Աիշվարյա Ռայի ամուսինը' Աբիշեկ Բաչանը:

Մոխրականաչագույն աչքերով դիվան, ինչպես նրան սովորաբար կնքում են մեկ անգամ տեսնողները, ծնվել է Հնդկաստանի Մանգալոր քաղաքում' նավատորմի սպայի և գրողի ընտանիքում:

Ծնողները նրա համար նախատեսել էին ճարտարապետի կարիերա, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրան 2 հազար աղջիկներից ընտրեցին Հնկաստանում Pepsi ընկերության գովազդային հոլավակում նկարահանվելու համար: Մոդելային աշխարհը միանգամից ընդունեց առեղծվածային գեղեցկություն ունեցող Այշին:

Իսկ 1994 թվականին ոչ միայն Հնդկաստանը, այլ նաև ողջ աշխարհը հիացավ նրա բնատուր գեղեցկությամբ: Այդ թվականին նա մասնակցեց «Միսս Հնդկաստան» գեղեցկության մրցույթին, բայց, ի զարմանս բոլորի, արժանացավ «Վիցե Միսս Հնդկաստան» տիտղոսին: Բայց երբ ներկայացրեց իր երկիրը «Միսս աշխարհ»-ում, ստացավ առաջին պատվավոր մրցանակը, ու ինչպես հաճախ նշել են մրցույթի կազմակերպիչները, մինչ օրս նրա գեղեցկությունը գերազանցող չի եղել:

Չանցած երեք տարի, Աիշվարյայի համար սկսվում է հնդկական կինոյի իրական կյանքը:cԴեբյուտային են դառնում նրա համար միանգամից երկու ֆիլմ՝ «Դուետ» –ը և «Եվ նրանք սիրեցին իրար»-ը: «Դուետ» ֆիլմի համար Ռայը Star Screen Awards -ում ստացավ «Լավագույն սկսնակ դերասանուհի» մրցանակը: Շրջադարձային եղավ նրա կյանքում «Ընդմիշտ քոնը» ֆիլմը 1999 թ, որտեղ նա մարմնավորում էր իր երազանքներին չհասած, դրանից տառապող կնոջ: Այս դերակատարման համար նա ստացել է հնկական կինոաշխարհի ամենամեծ մրցանակը ' որպես լավագույն դերասանուհի: Ֆիլմի նկարահանումների ընթացքում Այշի և շատերի կուռք Սալման Խանի միջև սիրային կապ է սկսվում: Սալմանի և Աիշվարյայի երկրպագուները ցնծում էին, լրագրողները նրանց կնքել էին «հնդկական կինոյի ամենագեղեցիկ զույգ» անունով:

Առաջին հայացքից իդեալական թվացող զույգը երկար ապագա չունեցավ: Բոլիվուդի աստված Սալման Խանը, ում առաջ խոնարհվում էր ողջ Հնդկաստանը, իսկական մղձավանջ էր Աիշվարյայի համար: Ֆիլմերում իսկական ռոմանտիկ Խանը կյանքում դաժան ու ցինիկ մարդ էր: «Մայրս դեմ էր, ու երբ հերթական վեճից հետո նրա մոտ գնացի, ասաց. «Աղջիկս, ախր նա քեզ համար զույգ չէ, նա հարբեցող է, թմրամոլ, իսկ աղջիկներին թաշկինակի պես է փոխում: Ես ու հայրդ դեմ ենք ձեր կապին»,- պատմել է Ռայը:

Մի անգամ Սալմանը ծեծում է Այշին, երբ աղջիկն անկեղծանում է, թե Աբիշեկ Բաչանը տաղանդավոր ռեժիսոր է, և հետաքրքիր է նրա հետ աշխատելը:

Նույնիսկ մի քանի շերտ տոնային կրեմները ի վիճակի չէին ծածկելու նրա դեմքի կապտուկները. նա չգիտեր՝ ինչպես ներկայանար նկարահանումներին: Դերասանուհուն միայն մի բան էր հետաքրքիր' ինչի համար է այս դաժանությունը:
Փոքր-ինչ առույգանալուց հետո նա զանգահարում է իր ընկերուհուն՝ լրագրող Ռադի Կապուին ու հարցազրույց է տալիս: «Երբ ես ու Սալմանը բաժանվեցինք, մեր երկրպագուները կոտորում էին իրենց, հայտարարություններ անում, ծաղրուծանակի ենթարկում»: Մեկ շաբաթ անց լույս է տեսնում Աիշվարյայի անկեղծ հարցազրույցը' իր և Սալմանի վերջին հեռախոսազրույցները ներառելով: Հարցազրույցով մոդելը պաշտպանություն էր խնդրում պետական մարմիններից: Կատաղած Սալմանից փրկվելու համար նա որոշում է փախչել: Դերասանուհին մեկնում է Լոնդոն, որտեղ, չանցած երեք օր, հրավեր է ստանում նմարահանվելու Գուրինդեր Չադխայի «Հարսնացուն և նախապաշարումները» ֆիլմում:

Նույնիսկ այդ դերի համար նա համաձայնեց 10 կիլոգրամով գիրանալ, որպեսզի մարմնավորի իրական աղջկա կերպար, այլ ոչ թե' մոդելի:

Լոնդոնի օդանավակայանում նա օրագիր գնեց ու արեց իր առաջին գրառումը. «Ես Աիշվարյա Ռայն եմ՝ աշխարհի ամենադժբախտ աղջիկը: Բայց ուզում եմ, որ ամեն ինչ փոխվի, ու ես հավատում եմ դրան»: Այդ օրվանից նա սկսեց նորից օրագիր պահել, ինչպես «Միսս աշխարհ»-ից առաջ էր անում:

Աիշվարյայի հաջողությունները սկսեցի հաջորդել մեկը մյուսին:

2004 թվականին «Հարսնացուն և նախապաշարումերը» ֆիլմի պրեմիերայից հետո նրան նկատեցին նաև Հոլիվուդում:

«Ես չէի հասցնում ընտրել հրավերները : Ու երբ մի անգամ Ռոբերտ Դենիրոն հարցրեց, թե երբ եմ նաև իր հետ համագործակցելու, ես ստիպված եղա մերժել իմ սիրելի ռեժիսորին, քանի որ մինչև հաջորդ տարի նկարահանումներ ունեի»:

Հաջորդ մեծ ձեռքբերումը Կաննի փառատոնում հայտնվելն էր «Դեւդաս» ֆիլմով, որը հնդկական Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմությունն էր: «Դեւդասը» առաջին հնդկական ֆիլմն էր, որ առաջադրվել էր «Կանն»-ում: Կարմիր գորգի վրա գեղեցկուհի Ռայի՝ ազգային սարիով հայտնվելն իսկական սենսացիա էր: Նույնիսկ Ջուլյա Ռոբերթսը նրան անվանել է «աշխարհի ամենագեղեցիկ կին»: Հաջորդ տարի նա արդեն ժյուրիի կազմում էր:

Դերասանուհու կարիերան նոր թափ է առնում: Նա նկարահանվում է «Աստերիկսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում, որտեղ աշխատում է հայտնի դերասաններ Ժերար Դեպարդյեի և Ալեն Դելոնի հետ: Բայց բոլիվուդյան աստղի անձնական կյանքը նորից չէր դասավորվում: Նա հանդիպում էր հնդիկ ռեժիսոր Վիվեկ Օբերոյի հետ, ով, Սալման Խանի սպառնալիքներից վախենալով, թողեց դերասանուհուն: Հարցազրույցներից մեկում նա ասել է .«Սալման Խան անունով էջը ինձ համար մղձավանջ էր, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ այն փակված է ինձ համար: Ես կարողացա դուրս գալ այդ իրավիճակից' պահելով իմ ու ընտանիքիս պատիվը»:

«Այսօր նորից հանդիպեցի Աբիշեկ Բաչանին: Ես ամաչում եմ, երբ նա ինձ է նայում: Այնպիսի հայացք ունի, որ երբ նայում է, մարմնովս սառը դող է անցնում: Միգուցե սիրահարվել եմ: Ոչ, մենք ուղղակի ընկերներ ենք»,- օրագրում հերթական անգամ գրառել էր Այշը: Բայց Բաչանի համար այս ամենը շատ լուրջ էր: Մի օր փիլիսոփայական պատմություն պատմելուց հետո նա ասում է. «Ես քեզ սիրում եմ, չեմ կարող առանց քեզ ապրել, կարող է՝ գժվում եմ»:

Այշը վախենում էր, որ էլի Սալմանը կխանգարեր, բայց վերջինս նոր զոհ էր գտել եւ էլ հետաքրքրված չէր Ռայով: Բայց այս անգամէլ խոչընդոտ էին Աբիշեկի ծնողները. պատճառը «Բայքեր-2» ֆիլմում համբույրի տեսարանն էր: Պրեմիերայի օրը նրանք շոկի մեջ էին: «Չնայած Հնդկաստանը «Կամասուտրայի» երկիր է, բայց մեզ մոտ զգացմունքները ցուցադրել չի թույլատրվում: Եթե Հոլիվուդում զույգերը համբուրվում են, ապա մեզ մոտ այդ ռոմանտիկ պահին սկսում են երգել ու պարել»: Բողոքից հետո այդ հատվածը հանվեց, բայց այն արդեն տեղադրվել էր համացանցում:

Աբիշեկը իրեն իսկական տղամարդու պես պահեց. կանգնեց իր սիրած աղջկա կողքին: Ծնողները տեղի տվեցին ու օրհնեցին նրանց միությունը: Մինչ այդ նրանք «Գուրու» ֆիլմում մարմնավորել էին ամուսինների, իսկ հետո տեսարանը «տեղափոխեցին» իրական կյանք: Հարսանյաց արարողությունը տևեց 3 օր Մուամբի քաղաքում՝ Բաչանների ապարանքում, որտեղ Այշը հայտարարեց, որ աշխարհի ամենաերջանիկ կինն է:

«Ես կարող էի ամուսնանալ հոլիվուդյան հարուստի կամ եվրոպացու հետ. առաջարկություններ եղել են, բայց ես կարծում եմ, որ ընդանուր արժեքները կարևոր են, այդ պատճառով ես ամուսնացա Աբիշեկի հետ: Մենք երկուսս էլ ավանդական հնդկական ընտանիքներից ենք»: Ամուսնությունից հետո նրանք սկսեցին ապրել Աբիշեկի ընտանիքի հետ: «Ես խոնարհվում եմ նրա ծնողների առաջ, որ այսպիսի զավակ ունեն: Ես հիմա նրանց ընտանիքի անդամն եմ, նրանց խավի մարդ, ես հիմա տիկին Բաչան եմ»:

Լիակատար երջանկության հասնելու համար զույգին պակասում էր երեխան, որը լույս աշխարհ եկավ 2011 թվականին: Այդ լուրը զույգի երկրպագուներին հայտնեց Աբիշեկի հայրը Twitter-ում. «Ես ամենագեղեցիկ մանչուկի պապիկն եմ»:

Ես չեմ ուզում, որ իմ կյանքը հնդկական կինոյի նմանվի (Սալմանից բաժանվելիս):

Ընտանիքս իմ ուժն է եւ թուլությունը:

Սիրտս միշտ ջեմանում է, երբ մտածում եմ, որ ամուսնացել եմ այսպիսի ուժեղ մարդու հետ:

Ես չեմ ուզում, որ ինձ նույնացնեն ինչ-որ կերպարի հետ: Ես ամեն անգամ նորովի եմ հանդես գալիս: Ինքս ինձ փորձում եմ բացահայտել: Որպես դերասանուհի ես անկեղծ ու պատասխանատու եմ այն դերի նկատմամբ, որ ինձ վստահել է ռեժիսորը:

Հասմիկ Մելիքսեթյան