Ամերիկյան հայտնի Vanity Fair ամսագրի խմբագիր Սառա Էլիսոնը սեպտեմբերյան համարում բավական հետաքրքիր մի նյութ է պատրաստել իշխանադուստր Դիանայի ու պակիստանցի սրտաբան Հասնաթ Խանի միջև 1995-97թթ. ընթացքում ծավալված սիրավեպի մասին։ Ուշագրավ հոդվածը թարգմանաբար ներկայացրել է inoСМИ.Ru կայքը։

Սիրավեպի մասին բացահայտումներն արել է Դիանայի մտերիմ ընկերուհին՝ Ջեմայմա Խանը, ով Հասնաթի հեռու բարեկամուհին է։

«Դիանան խենթի պես սիրահարված էր Հասնաթին ու ցանկանում էր ամուսնանալ նրա հետ՝ նույնիսկ, եթե դրա համար պահանջվեր Պակիստան տեղափոխվել։ Եվ դա այն գլխավոր պատճառներից մեկն էր, որի շնորհիվ մենք մտերմացանք»,-Էլիսոնին պատմել է Ջեմայման։

Կինը պատմել է, որ Դիանան 2 անգամ գնացել է Պակիստան, հանդիպել սիրեցյալի ծնողների հետ՝ ցանկանալով ստանալ Հասնաթի մոր համաձայնությունը նրա որդու հետ ամուսնանալու համար։ Դիանայի հարաբերությունները Հասնաթի հետ շարունակել են զարգանալ, ու նրանք սկսել են անգամ հարսանիքի թեման շոշափել։ Դիանան անգամ իր ընկերներին պատմել է, որ Հասնաթից աղջիկ է ցանկանում ունենալ։ Իշխանադուստրը ցանկացել է գտնել ինչ-որ մեկին, ով կկարողանար իրենց գաղտնի կերպով ամուսնացնել, սակայն այդ ծրագիրը չափից ավելի վախեցրել է Հասնաթին, քանի որ այն լի էր վտանգներով։ Սրտաբանի կարծիքով՝ միասին ապրելու համար իրենք պետք է Պակիստան տեղափոխվեին ու լրագրողների աչքից հեռու կառուցեին իրենց կյանքը։

Որոշ ժամանակ անց նրանց հարաբերությունները սկսել են բարդանալ, և հենց այդ ժամանակ Դիանան ծանոթացել է Դոդի ալ-Ֆայեդի հետ։ Դիանայի մտերիմ ընկերուհիներից մեկը՝ Ռոզի Մոնկթոնը, պատմել է, որ Ֆայեդի հետ ծանոթությունից հետո Հասնաթը վերջ է դրել իրենց հարաբերություններին։ Սակայն, նրա պնդմամբ, Դիանան մտերմացել է Ֆայեդի հետ՝ Հասնաթի մեջ խանդի զգացում առաջացնելու համար։

«Բոլորն ինձ դավաճանում են. Հասնաթը միակ մարդն է, ով երբեք այդպիսի բան չի անի»,-մի առիթով ասել է Դիանան։