Եվրոպական ամենամեծ երկնաքերերի հեղինակ, իտալացի հայտնի ճարտարապետ Ռենցո Պիանոն յուրահատուկ տուն է ստեղծել՝ 7.5 քմ տարածքով, որում տեղավորել է փոքրիկ խոհանոց, ցնցուղ, մահճակալ և անգամ պահեստ, տեղեկացնում է Daily Mail-ը:

Փայտա կառույցը ստացել է Դիոգեն (Diogene)՝ հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացու անունը, ով հեռացել էր հասարակությունից և թողնելով շքեղ կյանքը՝ բնակվում էր տակառում մ.թ.ա. 320 թվականին: Տնակն այժմ տեղադրված է Գերմանիայի Vitra Campus ճարտարապետական կառույցների թանգարանում:

Կառույցի առաջնամասում գտնվում է հյուրասենյակը, որում կա բազմոց-մահճակալ, բացվող սեղան, աթոռներ և պահեստի համար նախատեսված տարածք: Հյուրասենյակն առանձնանում է հետնամասում գտնվող լոգասենյակից և խոհանոցից, որտեղ տեղադրված է էլեկտրական վառարան և սառնարան: 17 200 ֆունտ ստերլինգ արժողությամբ միկրոտնակն ունի նաև ջրակուտակման համակարգ, որն արևային մարտկոցների շնորհիվ հավաքում է անձրևաջրերը: