Մեր զրուցակիցն է երգիչ Հարութ Բալյանը:

-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։

-Նախ ուզում եմ առիթից օգտվել և ողջունել ու իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր երկրպագուներիս, քանի որ նրանք են ինձ ուժ տալիս և գնահատում իմ աշխատանքը, որ ես չեմ դադարում աշխատել և միշտ լավ նորություններով ու նոր երգերով ներկայանալ նրանց։ Ասեմ, որ այս տարվա կտրվածքով շատ նորություններ ունեմ իմ երկրպագուների համար, նախ՝ նախատեսել եմ միանգամից 4 նոր երգ, որոնք կունենան նաև տեսահոլովակներ։

Առաջինն ընտրեցի «Ամենից շատ» երգը, որի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները օրերս տեղի ունեցան, և այն արդեն կլինի բոլոր հեռուստաընկերությունների եթերում, բոլոր երաժշտական ու լրատվական կայքերում։ Այս տարվա կտրվածքով նախատեսվում են նաև համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Կանադայի մի շարք քաղաքներում, իսկ տարվա վերջ, հնարավոր է, նաև արդեն իմ հայրենիքում հանդես գամ մեծ մենահամերգով։

-Ինչպես ասացիք, ունեք նոր տեսահոլովակ: Կխնդրեմ՝ պատմեք երգի ստեղծման մանրամասների մասին։

-Սիրով։ Նախ ասեմ, որ «Ամենից շատ» երգի երաժշտության հեղինակն է իմ շատ մտերիմ ընկեր Արմեն Քոսոյանը, խոսքերը գրել է Սաթենիկ Թորոսյանը, գործիքավորումը Արթուր Բինան է արել, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է իր գործի մեծ վարպետ իրանահայ ռեժիսոր Կոջի Զադորին։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի ունեցան Լոս Անջելեսին մոտ գտնվող Palm Spring քաղաքում։

Ասեմ, որ այդ քաղաքը համարվում է Ամերիկայի ամենաշոգ քաղաքներից մեկը, և հենց նկարահանման օրը ջերմաստիճանը հասավ 47 աստիճանի։ Նկարահանումները տևեցին մի ամբողջ օր, աշխատանքներին մասնակցում էր շատ մեծ թիմ՝ 50-ից ավել մարդ։ Ի դեպ, ասեմ, որ Սան Դիեգո քաղաքից ժամանել էին հատուկ պարային խմբեր ու մոդելներ՝ տեսահոլովակում նկարահանվելու համար։ Կարծում եմ՝ հիանալի տեսահոլովակ է ստացվել, և այն կարժանանա շատերի հավանությանը։

-Գիտենք նաև, որ վերջերս կատարել եք նաև Lionel Richie «Hello» երգը։ Ինչպե՞ս ծագեց այդ միտքը։

-Այո՛, ես դեռ մանկուց եմ երազել, որ գա մի օր, որ ես կատարեմ Lionel Richie-ի աշխահրահռչակ «Hello» երգը, քանի որ այդ երգն իմ մանկության ամենասիրելի երգն է։ Կատարվեց նաև այս երազանքս, և ես օրերս կատարեցի այդ երգը. հենց ստուդիայում տեսագրեցինք իմ կատարումը, և շուտով կհանձնեմ բոլորի դատին։ Կարծում եմ՝ այն նույնպես հիանալի է ստացվել։

-Դեռ անցյալ տարի Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ 2013 թվականին պատրաստվում եք մենահամերգներ ունենալ Հայաստանում և՛Լոս Անջելեսում։ Ե՞րբ կլինեն մենահամերգները։

-Լոս Անջելեսում խոստացված մենահամերգս մի փոքր ավելի շուտ տեղի ունեցավ՝ 2012 թվականի հոկտեմբերին, հանրահայտ Pasadena Civic համերգասրահում, իսկ հայաստանյան մենահամերգը, ինչպես արդեն ասացի, մեծ հավանականություն կա, որ տեղի կունենա այս տարվա վերջ, կամ եթե ժամանակի բերումով այս տարի չհասցնեմ, ապա գալիք տարում անպայման կլինի մեծ մենահամերգ իմ հայաստանյան հանդիսատեսի համար։


Զրուցեց Գայանե Համբարձումյանը