Ամերիկաբնակ հայ երգիչ Հարութ Բալյանն այսօր երկրպագուների դատին կհանձնի իր նոր՝ «Ամենից շատ» երգի տեսահոլովակը:

«Այս երգիս խոսքերի հեղինակը ես ու իմ շատ լավ ընկերն ենք՝ Արմեն Քոսայանը, գործիքավորումը Արթուր Բինան է արել: Տեսահոլովակիս վրա պրոֆեսիոնալ թիմ է աշխատել. ռեժիսորը հայազգի Կոջի Զադորն է, մոնտաժը՝ Լևոն Քոսայանինը: Մեկ օրում ենք նկարել, աշխատանքները սկսել ենք առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը ժամը 2-ին, 55 աստիճան տաքության պայմաններում, քանի որ նկարահանման համար ընտրել էինք Միացյալ Նահանգների ամենատաք քաղաքներից մեկը' Փալ Սփրինգը»,-esyes.am-ի հետ զրույցում ասաց Հարութը: Ըստ նրա՝ տեսահոլովակը բավականին թանկ է արժեցել, սակայն հստակ բյուջեի մասին խոսել չցանկացավ:

«Ամենից շատ» երգի տեսահոլովակը դեռ ամենը չէ, այս տարի Հարութը ծրագրում է նաև չորս նոր երգ ու տեսահոլովակներ ներկայացնել իր հանդիսատեսին, ինչպես նաև՝ համերգային ծրագրերով հանդես կգա Կանադայում, եվրոպական մի շարք երկրներում,Ռուսաստանում, իսկ տարեվերջին գուցե մեծ մենահամերգ ունենա նաև Հայաստանում:
Ինչ վերաբերում է անձականին, Հարութն ասաց. «Անձնական նորություններ դեռ չունեմ, հուսով եմ՝մի օր անպայման կունենամ ու կպատմեմ ձեզ այդ մասին»:

Երգչի հետ զրուցեց Մերի Պողոսյանը