Հավանաբար, չկա մեկը, ով չի սիրում լավ և համեղ շոկոլադ։ Սակայն իրական գուրմաններն ընտրում են ոչ միայն լավ, այլև ամենաբացառիկ և թանկ շոկոլադը։ Tert.am-ը՝ հղում տալով Luxlux.net-ին, ներկայացնում է աշխարհի ամենաթանկ շոկոլադների թոփ-5-յակը։

Chocopologie by Knipschildt

Ամենաթանկ շոկոլադը ստեղծում է ամերիկյան ընկերությունը՝ Կոնեկտիկուտ նահանգից։ Ահա ավելի քան 100 տարի Chocopologie by Knipschildt-ը քաղցրակերներին է առաջարկում բացառիկ շոկոլադ։ Հայտնի է, որ այն շատ սիրում և գնահատում են Սպիտակ տանը։ Անգամ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ չէ համտեսել այս համեղ շոկոլադը։

«Մեր նպատակն է, որ մեր շոկոլադն ունենա անմոռանալի և հեշտ ճանաչվող համ»,- հայտնել է ընկերության սեփականատեր Ռիչարդ Դոնելին։ Այս քաղցրավենիքի 453 գրամն արժե 2.600 դոլար։

Noka

Եվս մեկ ամերիկյան արտադրող առաջարկում է փորձել համեղ շոկոլադներ Noka Vintages Collection շարքից։ Այս բացառիկ շոկոլադը պատրաստվում է լավագույն կակաոյից, որը բերվում է Էկվադորից և Վենեսուելայից։ Noka-ն արտադրվում է 10 տարբերակով, ինչը պայմանավորված է տուփի մեջ եղած շոկոլադների քանակով։ Ամենափոքր տուփը, որում գտնվում է ընդամենը 4 կտոր շոկոլադ, արժե 16 դոլար։

Delafee

Հայտնի շվեյցարական Delafee ընկերությունն առաջարկում է փորձել հիանալի շոկոլադ, որը 56%-ով բաղկացած է բնական կակաոյից։ Հատուկ բաղադրատոմսը թույլ է տալիս պահպանել յուրահատուկ համն ու բույրը մի քանի տարի։ Սակայն քաղցրավենիքի գլխավոր առանձնահատկությունը թանկարժեք 24 կարատանոց ոսկուց պատրաստված ուտելի փայլաթիթեղն է, որը յուրաքանչյուր շոկոլադի վրա դրվում է ձեռքով։ Շոկոլադն արժե 508 դոլար։

Godiva «G» Collection

Ամերիկացիները կրկին զարմացրել են քաղցրի սիրահարներին իսկապես հիանալի շոկոլադով։ Շեշտը դրվել է ոչ միայն բացառիկ համի, այլև տուփի շքեղ ձևավորման վրա։ Նյույորքյան ընկերությունն առաջարկում է համտեսել իր բացառիկ շոկոլադը 120 դոլարով։ Հետաքրքրական է, որ այս շոկոլադը երբեք չի վաճառվում սովորական խանութներում։ Այն կարելի է գնել միայն Godiva ընկերության ֆիրմային խանութներում կամ ամենաթանկ շքեղ խանութներում։

 

Richart

Ֆրանսիական ընկերությունն առաջարկում է Petit Richart կոնֆետների հավաքածուն, որում ընդգրկված են տարբեր համերի 168 շոկոլադե կոնֆետներ։ Այս կոնֆետների արժեքը սկսվում է 120 դոլարից։