«Ավելի հեշտ է մարդկանց ստիպել լաց լինել, քան թե ծիծաղել» կարծում էր կիոյի եւ թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի Վիվիեն Լին, ում իսկական անուն ազգանունն Վիվիեն Մերի Հարթլի էր:

Վիվիեն Լին ծնվել է 1913թ-ի նոյեմբերի 5-ին Հնդկաստանի Դարջիլինգ քաղաքում: Անգլիացի պաշտոնյաի ընտանիքում ծնված աղջնակն սկզբնական կրթությունն ստացել է եվրոպական մի շարք մասնավոր կրթական հաստատություններում, իսկ 1932 թ-ին էլ ընդունվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայի դրամատիկական արվետսի բաժին: Վիվիենի համար դերասանուհի դառնալը մեծ երազանք էր, ուստի ծնողներն էլ նրան այդ հարցում մեծ աջակցություն են ցույց տալիս:

Ակադեմիա ընդունվելու հենց առաջին տարում Վիվիենը ծանոթանում է իրենից 14 տարի մեծ իրավաբան Գերբերտ Լի Հոլմանի հետ եւ ամուսնանում: Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ աղջիկ, սակայն Վիվինեը չի դադարում երազել բեմի եւ կինոյի մասին:

600x580

1934 թ-ին «Գործերը լավ են ընթանում» ֆիլմում փոքրիկ դերը նրա առաջին դեբյուտն էր կինոյում: Իհարկե, ամուսինը կտրականապես դեմ էր՝ նրա դերասանուհի դառնալու որոշմանը, սակայն Վիվիենը չի ընկրկում՝ շարունակելով երազել եւ ծրագրեր կազմել՝ կապված դերասանական կարիերայի հետ: Վիվիեն Լին (սա դառնում է նրա բեմական անունը) իր առաջին եւ լուրջ հաջողությունն ունենում է՝ խաղալով «Առաքինության դիմակ» ներկայացման մեջ. սա էլ դեբյուտային առաջին ներկայացումն էր թատրոնում: Լոնդոնում սկսնակ դերասանուհուն շատ լուրջ են ընդունում: Ստեղծագործական այդ բուռն շրջանում դերասանուհին ծանոթանում է դերասան Լոուրենս Օլիվիեի հետ: Նրանք սիրարվում են միմյանց, բայց լինելով ամուսնացած՝ ստիպված են լինում վեց տարի սպասել՝ միասին լինելու համար: 1940թ-ին միայն կարողանում են ամուսնալուծվել եւ ամուսնանալ. «Իմ առաջին ամուսինն ու ես լավ ընկերներ կլինենք. պատճառ չունենք իրար թշնամաբար վերաբերվելու»,-ասել է դերասանուհին:

Այդ ժամանակ արդեն դերասանուհուն ճանաչում էր ողջ աշխարհը: 1939թ-ին «Քամուց քշվածները» ֆիլմում մարմնավորելով Սկառլետ Օ'Հարային՝ դերասանուհին գերում է միլիոնավոր մարդկանց սրտեր եւ արժանանում առաջին Օսկար մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում: Դրանից հետո՝ 1951թ-ին ստանում է իր երկրորդ Օսկարը՝ «Ցանկություն» տրամվայ»-ում մարմնավորելով Բլանշ Դյուբուայիին:

600x580

Վիվիենն այդպես էլ չկարողացավ Օլիվիեի համար երեխա ունենալ: 1944թ-ին «Կեսար եւ Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհու մոտ սկսվում է խորը դեպրեսիա՝ կապված առաջին հղիության անհաջողության հետ: 1945 թ-ին նրա մոտ հայտնաբերում են թեթեւ տուբերկուլյոզ: Հիվանդությունն ազդում է Վիվիենի հոգեկան աշխարհի վրա. նրա մոտ նկատվում են հոգեկան շեղումներ: Դերասանուհուն սկսում են բուժել ե´ւ տուբերկուլյոզից, ե´ւ հոգեկան խանգարումից միաժամանակ, սակայն նրա վիճակը գնալով վատանում էր: Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա առողջական վիճակը լավանում է. վերադառնալով Անգլիա՝ նա նորից փայլում է բեմում՝ խաղալով դասական ներկայացումներում:

Ամուսնու՝ Օլիվիեի հետ հարաբերություններն օրեցօր բարդանում էին եւ մտնում փակուղի: Շուտով Օլիվիեն հայտարարում է՝ ուզում է բաժանվել, դա Վիվիենի համար մեծ հարված էր: Նրանք բաժանվում են, սակայն Վիվիենը հոգու խորքում հույս էր փայփայում, որ Օլիվիեն կվերադառնա իր մոտ:

600x580

Չնայած ստացած հարվածներին՝ նա շարունակում էր խաղալ թատրոնում, նկարահանվել ֆիլմերում. ուզում էր ինքն իրեն եւ բոլորին ապացուցել՝ դեռ երիտասարդ է եւ մեծ եռանդ ունի. «Ես կխաղամ այնքան, մինչեւ դառնամ 90 տարեկան»: Սակայն հերթական ներկայացումներից մեկի ժամանակ նա իրեն վատ է զգում, տեղափոխում են հիվանդանոց: Նրա առողջական վիճակն օր օրի բարդանում է եւ 1967թ-ի հուլիսի 7-ին սիրված դերասանուհին մահանում է: Հաջորդ օրը Լոնդոնի բոլոր թատրոններում վառում են մոմեր՝ ի հիշատակ դերասանուհու:

600x580

Չկան տգեղ կանայք, կան կանայք, ովքեր չգիտեն, որ գեղեցիկ են:

Ես ուզում եմ կյանքից ուրախություն ստանալ:

Ես ինձ բավականաչափ լավ չեմ զգում միայնակության մեջ. ես դառնում եմ անհանգիստ:

Ես կինոաստղ չեմ, ես դերասան եմ:

Ես սիրում եմ հանդիսատեսին: Ես սիրում եմ մարդկանց եւ խաղում եմ, որովհետեւ սիրում եմ մարդկանց հաճույք պատճառել:

 

 

Շողիկ Գալստյան