Տարվա բոլոր եղանակներին մաշկն ունի խոնավեցման և սնուցման կարիք, իսկ ամռանը հատկապես պետք է ուշադրություն դարձնել խոնավեցմանը, քանի որ այն հիմա ավելի շատ է ջրազրկվում։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ-դիմահարդար Լուսինե Դավթյանը:

Նրա խոսքերով' ամռանը մաշկը դառնում է ավելի զգայուն, ուստի անկախ ամեն ինչից, ցանկացած մաշկ առաջին հերթին պետք է մաքրվի: Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս ամեն երեկո մաշկը մաքրել՝ տիպին համապատասխանող նյութով, իսկ առավոտյան պետք է ուղղակի լվացվել ջրով, քսել խոնավեցնող թեթև քսուկ, որի վրա միայն անել հիմնական դիմահարդարումը:

Միաժամանակ Լ.Դավթյանը նշեց, որ եղանակը ամռանը խիստ անբարենպաստ է դիմահարդարման համար: Կոսմետիկ միջոցներ ընտրելիս, հատկապես աչքի մատիտի, թարթչաներկի ընտրության դեպքում, պետք է ուշադիր լինել, որ դրանք ջրակայուն լինեն, քանի որ տաքությունից դրանք հնարավոր է ծորան և փչացնեն ամբողջ դիմահարդարումը: Կոսմետոլոգ-դիմահարդարը նշեց նաև, որ դիմահարդարվելուց առաջ և հետո անպայման պետք է հետևել մաշկին: Իսկ կոսմետիկան, ըստ նրա, պետք է օգտագործել միայն մաքուր մաշկի վրա:

Ինչ վերաբերում է գույներին, ապա դիմահարդարը առաջարկում է հետևել բնական կերպարին' բաց գույներ, թեթև տոնային երանգներ:

Բնական պետք է լինեն նաև շուրթերը' թեթև բաց գույնի շրթներկ կամ փայլ: «Այս նուրբ դիմահարդարումը կհաղորդի Ձեզ ամառային գեղեցկություն և նրբություն»,-ասաց Լ.Դավթյանը: