Ավստրալիացի երկրաբաններն, ուսումնասիրելով վերջերս Ատլանտյան Օվկիանոսի հատակին հայտնաբերված երկրի ընդերքի ճեղքը, եկել են այն եզրակացության, որ 200-220 մլն տարվա ընթացքում օվկիանոսն ամբողջովին կանհետանա, որի փոխարեն նոր գերմայրցամաք ի հայտ կգա, այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին:

Այս եզրակացության հիմքում ընկած է Ատլանտյան օվկիանոսի հատակի մանրամասն ուսումնասիրությունը, որի արդյունքում Պիրենեյան թերակղզու արևմտյան հատվածում երկրի ընդերքի բավականին մեծ ճեղք է հայտնաբերվել:

Ըստ գիտնականների՝ տեկտոնական երևույթների արդյունքում առաջացած ճեղքերը կարող են հանգեցնել նրան, որ մոլորակի մի տարածաշրջանը ծածկվի մյուսով: Այս պարագայում, որպես կանոն, օվկիանոսի ընդերքն ամբողջովին կպատվի նոր մայրցամաքով, ինչն էլ, ըստ գիտնականների, սպասվում է մեր մոլորակին:

Ավստրալիացի հետազոտողների կանխատեսումների համաձայն՝ 250 մլն տարի անց Երկրի մակերեսի 90 տոկոսը ծածկված է լինելու անապատներով, իսկ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան տարածաշրջանները կշրջապատվեն լեռնաշղթաներով:

Հյուսիսամերիկյան մայրցամաքը կարող է շրջվել ժամացույցի ընթացքին հակառակ, իսկ Եվրասիան կշարունակի պտտվել ժամացույցի ընթացքի ուղղությամբ, ինչպես նաև Սիբիրը կվերածվի արևադարձային անտառների: