Երգչուհի Շպռօտի կողմից սիրված հայ քաղաքական գործիչը Պարույր Հայրիկյանն է: Նա կարծում է, որ քաղաքականությունը շոուբիզնես է: Ներկայացնում ենք երգչուհու հարցազրույցը.

Ի՞նչ է քաղաքականությունը։

- Իմ կարծիքով՝ քաղաքականությունը շոուբիզնես է, բայց մի քիչ ավելի լուրջ։ Քաղաքականության մեջ կա շոու, և ինձ շատ հետաքրքիր է նայել նրանց ներկայացումները։

Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

- Պարույր Հայրիկյանին եմ շատ սիրում, քանի որ շփվել եմ նրա հետ։ Նա արվեստի մարդ է ու բավականին հետաքրքիր անձնավորություն։ Միանշանակ մեր նախագահին եմ շատ սիրում, քանի որ նա շատ սիմպատիշնի տղամարդ է։

Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

- Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Բայց, եթե ինձ ասեին, որը կընտրեիր, առանց մտածելու կընտրեի ՀՀԿ-ն, քանի որ հայրս զոհված ազատամարտիկ է և այդ կուսակցության անդամ է եղել։

Քաղաքական որևէ պաշտոնում Ձեզ պատկերացնո՞ւմ եք։

- Այո՛, նախագահի։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, թե ինչ մասնագիտություն է դա, ինձ ինչպես կզգամ, եթե լինեմ նախագահ, ինչպես կքնեմ, ինչպես կարթնանամ, ինչ կանեմ։ Չգիտեմ, գուցե վատ նախագահ լինեմ։ Հետաքրքիր է, թե ինչպես ինձ կդրսևորեմ այդ պաշտոնում։

Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

- Առաջինը կհայտարարեի օրենք՝ բոլոր սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների հավասարության, նրանց ազատության մասին։ Երկրորդը՝ Հայաստանը կհայտարարեի ազատական գոտի՝ ոչ մի կոնֆլիկտի մեջ չգրավված, չեզոք, խաղաղ։ Երրորդն էլ՝ կնստեի բոլոր թշնամի երկրների հետ բանակցության, որպեսզի խաղաղ մթնոլորտ ստեղծվի, վերանա թշնամի հասկացությունը, լինեն ավելի շատ համագործակցող, եղբայրական հարաբերություններ։

Հարցազրույցն ըստ «Դե Ֆակտո» ամսագրի (2007թ), ներկայացրեց slaq.am-ը: