Զրուցեց Գայանե Գալստյանը

Լուսանկարը ըստ Դավիթ Գալստյանի

• Բացի այն, որ կենցաղում գործերը կիսվում են կնոջ և տղամարդու միջև, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ցանկացած կենցաղային գործ ինքս անել կնոջս փոխարեն, որպեսզի օգնեմ նրան:

• Գենդերային անհավասարության ամենաանընդունելի օրինակներից մեկն այն է, որ հյուր է գալիս տուն, իսկ տան կինը սեղանի մոտ չի նստում, միայն «սպասարկում» է... Կան նաև միջավայրեր, երբ կնոջ արտահայտվելը կամ կարծիք ասելն արգելված է... Ուրիշ օրինակ բերեմ' գիտեմ մարդ, որը բավականին ճանաչված է, ու ոչ ոք երբեք չի տեսել նրան իր կնոջ հետ որևիցե միջոցառման կամ առիթի ժամանակ: Սա ևս ծայրահեղ դրսևորում է:

• Կովկասյան տարածաշրջանի երկրներում, համեմատած եվրոպական երկրների հետ, բարքերն ավելի խիստ են: Բայց հեռուստատեսության, ինտերնետի, այսինքն' ավելի լայն հաղորդակցության միջոցով շատ եվրոպական արժեքներ են ներթափանցում Հայաստան' աստիճանաբար վերացնելով կարծրատիպերը...

• Չեմ ընդունում ֆեմինիստական հովերով տարված այն կանանց, ովքեր պահանջում են իրենց առաջ դուռը չբացել կամ հայտարարում են, որ իրենք էլ ուժեղ են, կարող են ծանրություն վերցնել... Պետք չէ փորձել գրավել տղամարդու տեղը, ի սկզբանե բնությունից մենք տարբեր ենք, ամեն մեկս ունենք մեր տեղը:

• Համոզված եմ, որ Հայաստանում մի քանի սերունդ հետո շատ բան է փոխվելու: Կարող եմ համեմատել վերջին տասը տարիների կտրվածքով. հիմա տարօրինակ չի դիտվում, երբ ժամանցի վայրերում տեսնում ես կարճ շրջազգեստով աղջիկների, ովքեր եկել են իրենց ընկերուհիների հետ ցիվիլ ժամանց անցկացնելու: Ընդամենը մի քանի տարի առաջ նման երևույթը սխալ կհասկացվեր:

• Զայրույթի պահին կնոջ հետ կոպիտ վարվելը, հարվածելը չեմ ընդունում: Եղել է դեպք, որ հրել եմ ես, բայց հետո զղջացել արածիս համար: Բայց նաև լինում են դեպքեր, երբ կինն ինքն է իր պահվածքով ափերից դուրս հանում տղամարդուն, հասցնում նրան անկառավարելի վիճակի: Սա, իհարկե, արդարացում չէ տղամարդու կոպիտ վարմունքի համար, բայց այս դեպքերում կինն իր մեղքի չափաբաժինն է ունենում:

• Հաճախ փորձում ենք նմանվել եվրոպական երկրներին, բայց այնտեղ էլ ծայրահեղության մյուս կողմը կա: Ընկերներիցս մեկը, ով ապրում է Ֆրանսիայում, վախենում է ֆրանսուհու հետ ամուսնանալու մտքից անգամ, քանի որ այդ երկրում, եթե կնոջն ինչ-որ բան դուր չգա, կարող է պարզապես երեխային վերցնել ու հեռանալ տնից' կոտրելով ամուսնուն: Այնտեղ կանայք ավելի շատ են հակված ճնշելու տղամարդկանց: