Ի՞նչ են խոսում. ռեփեր Դավիթն աշխատանքի է անցել Հանրային հեռուստատեսությունում:
Իրականում. լուրը ճշտելու համար խոսեցինք ռեփերի հետ, ով հաստատեց դրա իսկությունը: «Այո, լուրերը ճիշտ են: Այսուհետև աշխատելու եմ Հանրային հեռուստատեսության ադմինիստրատիվ բաժնում»,- մանրամասնեց նա և հավելեց, որ իր աշխատանքային լիազորությունները սկսվելու են նոր եթերաշրջանում' սեպտեմբերից, իսկ այժմ աշխատանքների նախապատրաստական փուլում է:

Դավթի փոխանցմամբ' արդեն մի քանի տարի է' զբաղվում է ֆիլմերի, տեսահոլովակների ու գովազդների ադմինիստրատիվ աշխատանքներով, ինչի մասին իմանալով էլ'իրեն հրավիրել են աշխատելու. «Առաջարկը միանգամից ընդունեցի, որովհետև երբեք հեռուստատեսությունում չեմ աշխատել: Կարծում եմ' հետաքրքիր կլինի այս ոլորտում ևս, քանի որ հիմնականում ֆիլմերում եմ աշխատել և մի փոքր հոգնել եմ այդ բնագավառից»:
esyes.am-ը հետաքրքրվեց նաև' արդյոք նոր աշխատանքը չի խոչընդոտի Դավթի ստեղծագործական գործունեությանը, ինչի ի պատասխան' ռեփերն ասաց. «Հուսով եմ, որ այս աշխատանքին անցնելը հնարավորություն կտա գոնե գիշերները ազատ ժամանակ ունենալ ու ձայնագրման գնալ: Կարծում եմ' մինչև տարեվերջ նոր աշխատանք կներկայացնեմ»:

Ինչ վերաբերում է անձնական կյանքում եղած նորություններին (հիշեցնենք, որ esyes.am-ը տեղեկացրել է Դավթի և լրագրող Սոնայի ընկերության մասին), Դավիթն ասաց. «Կարծում եմ' երբ մարդիկ սկսում են շփվել, արդեն նշանակում է հարաբերությունների օրինականացում: Իսկ նշանադրությունը և նման բաները պարզապես գեղեցիկ արարողություներ են, որոնք ընթացքում արվում են»: Ըստ ռեփերի' այս տարի նման գեղեցիկ արարողություն չի սպասվում:

Լուրի իսկությունը պարզեց Արևիկ Իսաջանյանը