Հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանը Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօրվա Թուրքիան բևեռացված հասարակության տխուր իրականությունն է, որն աջակցություն է ստանում Արևմուտքից' որպես միջին արևելքի «ժողովրդավարության» մոդել, որն ունի ուժեղ վերահսկողություն լրատվամիջոցների վրա և աշխարհում ամենաշատ լրագրող-բանտարկյալները: Թուրքիային լուրջ սթափեցում է պետք, որի արդյունքը կլինի արդարությունը, հավասարությունը, պատմական արտացոլումը' ավելի շատ հալածանքների փոխարեն»: Թանկյանը միացել է Amnesty International կազմակերպության կազմակերպած ստորագրահավաքին:

Ստորագրահավաքի տեքստում գրված է հետևյալը. «Մայիսի 31-ից ի վեր ոստիկանության հետ բախումների հետևանքով Թուրքիայում ավելի քան 2000 ցուցարար է վիրավորվել: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջուր է օգտագործել, ինչպես նաև ուժ է գործադրել նրանց ցրելու համար:

Մենք խնդրում ենք ձեզ կոչ անել իշխանություններին անել հետևյալը'

Անմիջապես վերջ տալ խաղաղ ցուցարարների դեմ ուժ գործադրելուն
Ապահովել ազատ արտահայատվելու իրավունքը
Անցկացնել արագ, անկախ և անաչառ հետաքննություն' իրավապահ մարմինների կողմից ցուցարարների կամ հասարակության այլ անդամների դեմ կիրառված ուժի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում շուրջ երեք շաբաթ է ցույցեր են տեղի ունենում' ընդդեմ Գեզի այգու վերակառուցման: