Օրերս esyes.am-ը տեղեկացրեց «8 սիրագորով կանայք» ներկայացման պրեմիերայի մասին, որտեղ հերոսուհիներից մեկին էլ մարմնավորում է դերասանուհի Աննա Ավետիսյանը: Ի դեպ, Աննան նկարահանվում է նաև «Քույրը» սերիալում, որտեղ կերտում է գլխավոր հերոսուհու հարևանուհու կերպարը:

Ներկայացումներում զբաղվածության պատճառով Աննան ծննդյան 22-ամյակը նշել է մեկ օր ուշացումով' հունիսի 6-ին, երևանյան կարաոկեներից մեկում: Աննան հենց esyes.am-ին վստահեց ծննդյան տոնի բացառիկ անդրադարձը, լուսանկարներն ու պատմեց հայտնի ընկերների կողմից ստացած նվերների մասին:
Դերասանուհու ծննդյան տոնին հրավիրված էին դերասանուհիներ Աննա Հարությունյանը, Անաիս Սարդարյանը, Արփինե Իսրայելյանը, Տաթևիկ Ադումյանը, Արմինե Պողոսյանը, ինչպես նաև դերասաններ Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը և այլք: Աննայի փոխանցմամբ՝ շատ լավ ու հետաքրքիր ժամանակ են անցկացրել, իսկ կարաոկեի սրահում հավաքվածներն անընդհատ նրանց սեղանին են նայել: «Չգիտեին՝ որ դերասանուհուն նայեին»,- ժպտալով ասաց Աննան, ով նվերների մասին խոսելիս նշեց, որ Աննա Հարությունյանի և Անաիս Սարդարյանի կողմից գեղեցիկ վզնոցներ է ստացել: «Աննայի նվերը տեսա ու ասացի՝ «Ան, դու իմ մտքերն ես կարդում, որովհետև նմանատիպ վզնոց շատ էի ուզում ունենալ»: Իսկ Անաիսի նվերը վզնոց-ժամացույց էր: Նա նվիրեց ու ասաց՝ «Ան, էլ երբեք չես ուշանա փորձերից»,-պատմեց 22-ամյա դերասանուհին:

Շարունակելով նվերների թվարկումը՝ վերջինս ավելացրեց, որ Տաթևիկ Ադումյանի կողմից էլ հատուկ իր համար պատվիրված կարմիր ժամացույց է նվեր ստացել: «Մուգ գույների սիրահար եմ, սակայն Տաթևը ինձ վառ գույնի ժամացույց նվիրեց ու ասաց, որ ուզում է սկսեմ վառ գույներով ապրել»,- նկատեց Աննան: Նշենք նաև, որ Արփինե Իսրայելյանը և Աննայի մյուս ընկերուհիները, մի քանի ժամ շրջելով խանութներում, հարմար նվեր չեն կարողացել ընտրել ու որոշել են գումար տալ ու ծննդյան տոնից էլ չուշանալ:

«Ես»-ը ևս շնորհավորում է Աննային ու ստեղծագործական բուռն առաջընթաց մաղթում:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը