«Կյանքը փոխելու համար պետք է ընդամենը զգեստափոխվել». նրա ամեն օրն սկսվում է այս առաջաբանով: Նա գիտի նորաձևության մասին ամեն ինչ և, նույնիսկ, ավելին: Նա լրագրող, հեռուստահաղորդավարուհի Էվելինա Խրոմչենկոն է:

Մամուլի համար մինչ օրս գաղտնիք է Էվելինա Խրոմչենկոյի ծննդյան օրը: Մի անգամ միայն նա «բերանից թռցրել է», որ ծնվել է այն թվականին, երբ մահացել է հայտնի մոդելյոր Կոկո Շանելը: Գրեթե վստահաբար կարելի է նշել միայն, որ նա ծնվել է Ուֆա քաղաքում տնտեսագետի և ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհու ընտանիքում: Նրա տատիկը չափազանց ինտելեգենտ կին է եղել, դասավանդել է գերմաներեն ու առանց բարձրակրունկ կոշիկների տնից դուրս չի եկել: Էվելինայի խոսքերով, իրենց տանը մշտապես հիանալի ինտերիեր է եղել, ճիշտ ընտրված բույր ու բարձր տրամադրություն. «Մորաքույրս շատ լավ կարել գիտեր, մայրս հիանալի ճաշակ ուներ, երկու տատիկներս էլ աչքի էին ընկնում իրենց ոճով: Մեր ընտանիքում տղամարդիկ ևս մշտապես էլեգանտ էին հագնվում: Նման «դեկորացիաների մեջ» հնարավոր չէ այլ կերպ զարգանալ: Նման էսթետիկ բազա պետք է ապահովվի յուրաքանչյուր երեխայի համար: Դրան այսօր քիչ ուշադրություն են դարձնում, և հենց դա է խնդիրը. մանուկ հասակում կոշիկներին անհամապատասխան ընտրված գուլպաները կարող են փչացնել անձնական կյանք ու կարիերա»:

Էվելինան փոքր հասակում ուղղակի հրաշամանուկ է եղել: Նման զավակների մասին երազում են ծնողները: Նա լսող է եղել, բայց և կարողացել է հստակ ձևակերպել իր կարծիքը: Նրա հետ հասարակության մեջ դուրս գալը միայն հաճույք է պատճառել ընտանիքի անդամներին: Իսկ մարդիկ հիացել են' ինչպե՞ս կարող է երեխան լինել այդքան գեղեցիկ, դաստիարակված ու հասուն: «Իհարկե, միշտ չէ, որ իմ և մորս կարծիքները համընկնում էին: Նա հագնվում էր անգլիական լեդիների պես, իսկ ես որոշ շրջան նախընտրում էի կրել տղամարդու բլուզներ, երկար շրջազգեստներ ու չափից դուրս մեծ կոշիկներ: Իմ խելագար գաղափարները կյանքի էր կոչում մորաքույրս, իսկ մայրս տալիս էր ինձ հագնվելու լիակատար ազատություն»,- պատմում է Էվելինան:

Նա մանուկ հասակում երկար տարիներ հաճախել է գեղարվեստի դպրոց, բայց հետո առաջ է եկել տեսողության հետ կապված խնդիրն ու բժիշկներն արգելել են զբաղվել նկարչությամբ: Մինչ օրս Էվելինան կեսկատակ- կեսլուրջ ասում է, որ եթե չլիներ այդ արգելքը, ինքը այժմ կլիներ աշխարհի ամենահայտնի արտտնօրենը և Մանհետենում իր կազմակերպությունը կունենար:

Ավարտելով դպրոցը' նա առանց հապաղելու ընտրեց մասնագիտությունը' լրագրող: Ընդունվեց Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ու այդուհետ սկսեց թակել բոլոր խմբագրությունների դռները. «Խիզախություն և կամք: Ահա, թե ինչն է ինձ միշտ առաջնորդել: Պետք է այնքան խիզախ լինել, որ ճիշտ պահին որսալ Աստծու ուղարկած պարգևները: Նա բոլորին էլ հաջողություն ուղարկում է, պարզապես պետք է չվախենալ վերցնելուց»: Արդեն առաջին կուրսում Էվելինա Խրոմչենկո անունը հայտնվում էր այնպիսի հայտնի պարբերականներում, ինչպիսիք էին «Cosmopolitan»-ը, «Elle»-ն, «Комсомольская правда»-ն, «Собеседник»-ը, «Огонёк»-ը: «Մեր կուրսին հաճախ էին տանում տարբեր խմբագրություններ, և ես, քանի որ բնույթով եմ այդպիսին, միանգամից առանձնանում էի և արագ աշխատանքի տեղավորվում», - պատմում է Խրոմչենկոն:

Հենց համալսարանում սովորելու տարիներին էլ նա հանդիպեց ապագա ամուսնուն' «Russian Fashion Week»-ի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Շումսկիին, ում անվանում է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենաէլեգանտ տղամարդ. «Ինձ հնարավոր չէր չնկատել, թեև այդ տարիներին ես դա չէի գիտակցում: Մի անգամ կուրսեցուս հետ կանգնած էինք գրքեր ստանալու հերթում, իսկ մեր դիմաց կանգնած էր մի բարձրահասակ, հմայիչ տղա: Ընկերուհիս սկսեց զրուցել նրա հետ այնպես, որ ես ամոթից կարմրեցի: Վերջում նույնիսկ տվեց իր հասցեն և ստիպեց, որ ես էլ տամ: Հետո, ամեն անգամ այդ տղային տեսնելիս, ես աշխատում էի փոխել ճանապարհս: Բայց մի անգամ մեր ուղիները խաչվեցին, զրուցեցինք: Ես իմացա, որ նա ինֆորմացիոն գործակալությունում է աշխատում և, քանի որ ես էլ աշխատում էի ռադիոյում, հասկացանք, որ կարող ենք հաճախ օգնել իրար: Դե իսկ հետո… ինքներդ եք հասկանում»:

1999 թվականին Էվելինան գլխավորեց ռուսական «L’Officiel» պարբերականը: Նրա թեթև ձեռքով ռուս ընթերցողն իմացավ այնպիսի հայտնի դիզայներների մասին, ինչպիսիք են Իգոր Չապուրինը, Դենիս Սիմաչովը, Ալյոնա Ահմադուլինան, Դմիտրի Լոգինովը և ուրիշներ: Անգամ նորաձևության օրենսդիր Ջոն Գալիանոն մի անգամ խոստովանել է. «Ռուսաստանն ինձ համար Կարմիր հրապարակն է, խավիարը և Էվելինա Խրոմչենկոն»:

2010 թվականի մայիսի 20-ին լուր տարածվեց, որ Էվելինա Խրոմչենկոն լքել է «L’Officiel»-ի գլխավոր խմբագրի աթոռը: Նրա տեղն զբաղեցրեց պարբերականի տիրոջ քաղաքացիական կինը' Մարիա Նևսկայան, իսկ վերջինիս ամուսինը հայտարարեց, որ Էվելինայի ազատման հրամանը տրվել է, քանի որ նա չափազանց տարված էր իր կարիերայով, ինչն էլ վնասում էր պարբերականի շահերին:

Էվելինա Խրոմչենկոն հայտնի դարձավ հատկապես «Նորաձև դատավճիռ» հաղորդման շնորհիվ. Ռուսաստանում նա այսօր ամենասիրված հեռուստահաղորդավարուհիներից է:

2010 թվականին TNS –ի հրապարակած տվյալներով' նա մտել է Ռուսաստանի ամենահայտնի հեռուստահաղորդավարուհիների թոփ 25-ի մեջ, 2011-ին' թոփ 50-ի: Այժմ հեռուստահաղորդավարների ընդհանուր ռեյտինգում նա զբաղեցնում է 23-րդ, իսկ կանանց ռեյտինգում' 10-րդ տեղը:

Էվելինան ու Ալեքսանդր Շումսկին արդեն ունեն մեկ տղա, ում անունը Արտեմիյ է: Էվելինան առանձնանում է նաև երեխային դաստիարակելու իր մեթոդներով. «Երբ Արտեմիյը դեռ բոլորովին փոքրիկ էր, իմ հարցին՝ ինչպիսի՞ տեսք ունեմ, պատասխանեց՝ նորմալ»: Ես ասացի նրան. «Հիշիր այդ բառը, որովհետև պետք է մոռանաս այն: Երբ կինը քեզ հարցնում է իր արտաքինի մասին, դու պիտի պատասխանես. «Ֆանտաստիկ, հիանալի…», եթե, իհարկե, ուզում ես իսկական տղամարդ դառնալ»:

Այդ օրվանից նա իմ նմանատիպ հարցերին այլ կերպ է արձագանքում. «Դե մայրիկ, հիանալի ես, ինչպես միշտ»: Էվելինան տղային հանգիստ է թողնում' կապված դպրոցի գնահատականների հետ, բայց պահանջում է իմանալ ամենաքիչը 4 օտար լեզու: Նա հիանալի մայր է ու, չնայած խիստ գրաֆիկին, հասցնում է ժամանակ անցկացնել նաև գազօջախի առաջ: Մի անգամ հարցին, թե որն է իր երազած հանգիստը, Էվելինան պատասխանել է. «Մի լավ քնել: Արթնանալ խնամված տեսքով ու տեսնել, որ զգեստապահարանը հավաքված է, բոլոր ճամպրուկները տեղերում են, բոլոր թղթերը ստորագրված են, վճարումները' կատարված, և անգամ գրքերը վերջապես այնպես են դասավորված, ինչպես ցանկանում էի»:

Նորաձևությունը պետական մակարդակի խնդիր է:

Եթե սև օրվա համար պահված գումարով գնես նոր կոշիկներ, սև օրը երբեք էլ չի գա:

Մեր երկրում ընդունված է, որ մայրերը շարունակ քննադատում են իրենց դուստրերի արտաքին տեսքը, կազմվածքը: Դա կոպտագույն սխալ է: Ցանկացած աղջիկ, անկախ ամեն ինչից, պիտի վստահ լինի, որ լավագույնն է բոլորի մեջ:

Ես չեմ հավատում, որ հարուստ ներքին աշխարհ ունի փնթի հագնված մարդը ճիշտ այնպես, ինչպես չեմ հավատում, որ արհեստական մազերով ու փչած շուրթերով աղջիկը կարող է ինտելեկտուալ լինել:

Նորաձևությունը փետուրները չեն: Նորաձևություն է, երբ շրջազգեստը հիանալի նստում է, տաբատը վիզուալ երկարեցնում է ոտքերը, երբ կինը ձեռքն է վերցնում նոր պայուսակը, ու նրա ողջ կյանքը փոխվում է:

Ինչ էլ որ լինի, առաջին հերթին պետք է մտածել, թե ինչ տեսք ունես:

Խնամված կինը միշտ էլ հասնում է նրան, ինչին չի կարող հասնել խալաթով կինը:

Միշտ հիշեք' կինը ոչ թե գեր է, այլ ախորժալի, ոչ թե երկար է, այլ բարձրահասակ, ոչ թե հյուծված է, այլ նիհար, ոչ թե թզուկ է, այլ մինիատյուրա:

Հագեք տոնական զգեստն այնպես, ասես Դուք երբեք ուրիշ բան չեք էլ հագել, և հաջողությունն ապահովված է:

Տղամարդը կարող է խաբել, հայելին' երբեք:

Լարա Առաքելյան