ԱՄՆ Միսսուրի քաղաքի 32-ամյա բնակչուհին մահանալուց հետո կեսարյան հատումով աղջիկ է լույս աշխարհ բերել, որից հետո վերակենդանացել է:

«Lifenews.ru»-ի փոխանցմամբ, Elkins High School դպրոցի բարձր դասարանների ուսուցչուհի Էրիկա Միգրելլին հղիության վերջին ամսում, ծննդաբերելու ժամկետից երեք շաբաթ առաջ, դասի ժամանակ իրեն վատ է զգացել: Նրա ամուսինը, ով նույն դպրոցում է դասավանդում, այդ պահին դաս էր վարում հարևանությամբ գտնվող լսարանում: «Երբ ես մտա լսարան, իմ կինը պառկած էր գետնին, նրա բերանից փրփուր էր դուրս գալիս, նա շնչահեղձ էր լինում: Որոշ ժամանակ անց նա կորցրեց գիտակցությունը»,-պատմել է Նաթանը:

Մինչև շտապօգնության ժամանումը մյուս ուսուցիչները և ամուսինը փորձել են Էրիկային օգնել՝ սրտի անուղղակի մերսման և արհեստական շնչառության միջոցով: Դեպքի վայր հասած բժիշկները ևս փորձել են ամեն ինչ անել, որպեսզի կնոջ սիրտը կրկին բաբախի, բայց ապարդյուն: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները սրտի կանգ են արձանագրել և որոշել են կեսարյան հատումով փրկել երեխային: Ի զարմանս բժիշկների, լույս աշխարհ է եկել կենդանի և առողջ աղջիկ երեխա: Մանկաբարձները հետագայում պատմել են, որ երեխան ծնվել է, երբ մայրը փաստորեն մահացած էր և նրան փրկելու որևէ հույս չկար:

Սակայն երեխայի ծնվելուց հետո ամուսնուն և բժիշկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Կնոջ կանգ առած սիրտը կրկին սկսել է բաբախել, վերականգնվել է շնչառությունը:

«Սա աննախադեպ է: Էրիկան մահացավ, ծնեց երեխա և վերակենդանացավ: Երբ մեր փոքրիկը մեծանա, մենք անպայման նրան կպատմենք իր լույս աշխարհ գալու հրաշքի մասին»,- ասել է Նաթանը: