«Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունն ուսումնասիրում է «Եվրատեսիլի» եզրափակչում Գոռ Սուջյանի և «Դորիանս» խմբի օգտին ուղարկված sms հաղորդագրությունների հետ կապված հայ համայնքից ստացված բողոքները:

Այս մասին Tert.am -ին ասաց «Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մենք նամակներ ենք ստանում Նիդերլանդներից, Բելգիայից, որ մարդիկ քվեարկել են, բայց իրենց ձայները չեն ընդունվել: Կան նաև, որ ընդունվել են: Պետք է մի քիչ ավելի մանրամասն հետազոտություն անել, թե նույն այդ օպերատորները, որ սպասարկել են եվրոպական երկրներում… այսինքն դրանք հաստատված միանշանակ բաներ չեն և ենթակա են հետազոտման»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է՝ վիճարկվեն Հայաստանի արդյունքները, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց, որ այս բոլոր տվյալներն առայժմ հավաքագրում են, բայց դրանից հետո, բնականաբար, փորձելու են այդ ամեն ինչ մասին տեղյակ պահել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին:

«Որ իրենք էլ լրջորեն զբաղվեն այդ հարցով: Ամեն տարի նմանատիպ խոսակցություններ լինում են, դրա համար մի փոքր վիճելի է, այսինքն՝ մինչև հստակ շատ լուրջ փաստեր չլինեն, չես կարող այդ ամեն ինչին լուրջ ընթացք տալ»,-ասաց Գոհար Գասպարյանը:

Սփյուռքի նախարարության Եվրոպայի վարչությունն էլ ներքին խողովակներով պարզել է, որ Ֆրանսիայի Մարսել քաղաքի հեռախոսային ընկերությունը, որը «Եվրատեսիլի» ժամանակ սպասարկում էր ընդհանուր հեռախոսազանգերի հավաքագրումը, նախկինում սերտ կապ է ունեցել Azertel ընկերության հետ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության Եվրոպայի վարչության պետ Հրաչյա Ասլանյանը:

«Եզրակացություն այստեղից, որ հնարավոր է՝ ինչ-որ ազդեցություն է թողել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես քվեարկություններին, Գերմանիայի համայնքից, մի քանի տարբեր քաղաքներից նույն նամակներն ենք ստացել, որ քվեարկել են Հայաստանի օգտին, մեր թիվն են հավաքել, բայց sms-ը ստացել են, որ «Դուք քվեարկել եք Իսրայելի օգտին»: Մի հոգի չի ասում, երկու հոգի չեն ասում: Կամ՝ Բելգիայի, Հոլանդիայի համայնքները, որոնք չորս տարի է, հետևում եմ, 10-12 միավոր են տալիս Հայաստանին: Հո միանգամից չդադարեցի՞ն քվեարկել Հայաստանի համար: Եվ բոլորի հետ այսպես է եղել. քվեարկել են, ոչ մի sms չեն ստացել, 15 րոպե հետո ստացել են, որ, ցավոք, Ձեր քվեարկությունը հաշվի չի առնվել»,- ասաց Հրաչյա Ասլանյանը:

Նախարարությունը ստացել է երեք նամակ՝ երեք երկրներից, բայց դրանք ոչ թե անհատների, այլ ողջ համայնքի անունից են և, որպես կանոն, Արևմտյան Եվրոպայից: Այսինքն՝ Հունաստանից կամ մերձբալթյան երկրներից և այլ երկրներից նման բողոքներ չկան:

Գոհար Գասպարյանը, ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է, որ ըստ որոշ խոսակցությունների՝ ժյուրիի անդամներն են ձայների վերաբաշխում կատարել, ասաց. «Գիտեք, ինչ Ադրբեջանը մտել է «Եվրատեսիլ» նմանատիպ խոսակցություններն ու մեղադրանքները շատացել են: Նրանց սովորական ձեռագիրն է, որ իրենք օգտագործում են բոլոր ասպարեզներում: Այդ թվում նաև՝ Օլիմպիական խաղերին, եթե հիշում եք: Դրա համար, շատ հեռու չէ իրենցից, ինչ վերաբերում է մյուս երկրներին, ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»:

Նշենք, որ ինչպես օրերս հաղորդել էր «Սիվիլնեթը»՝ հղում անելով լիտվական 15min.lt լրատվական կայքին' Ադրբեջանի կողմից Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ծավալված է մի ցանց, որի նպատակն էր որոշակի գումարային փոխհատուցման դիմաց ձայներ կորզել «Եվրատեսիլ» երգի մրցույթում' ի օգուտ Ադրբեջանի:

Պատմությունը սկսվել է շաբաթ օրը, երբ պարբերականի խմբագրություն են դիմել մի խումբ ուսանողներ, որոնք պատմել են, որ Վիլնյուսի Սպիտակ կամրջի մոտակայքում նրանց մոտեցել են ռուսալեզու մարդիկ ու առաջարկել են փող աշխատել: Աշխատանքը բարդ չէր. պետք էր նույն օրը տեղի ունենալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի վերջում քվեարկել որևէ երկրի օգտին: Վճարը ծառայության համար եղել է 20 եվրո: Ուսանողներն ասել են, որ դեռևս տեղյակ չլինելով, թե ո՞ր երկրի օգտին է պետք քվեարկել, վրդովված են եղել՝ շեշտելով, որ հենց այդպես է Ռուսաստանը փորձում ցուցադրել աշխարհին, որ Լատվիայում Ռուսաստանի ազդեցությունը դեռևս պահպանվում է: Սակայն հետո նրանք հետաքննություն են սկսել' ձևանալով գումար աշխատել ցանկացող քաղաքացիներ և հանդիպելով ձայներ գնողների հետ և պարզել են, որ կան Ադրբեջանի օգտին գործող երեք աշխատանքային խմբեր:

Գնողները, նույնիսկ առանց հարցերի պատմել են, որ ձայների կորզումն ընթանում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում՝ հավելելով, որ այլ կերպ այսօր ոչ մեկ էլ չի հաղթում այլևս: Սերգեյ անունով երիտասարդը պատմել է, որ իրենց խնդիրը 10-ական անդամ ունեցող խմբեր կազմելն է: Խմբերը պետք է տեղաբաշխված լինեն երկրի ողջ տարածով, որպեսզի կասկած չլինի, որ քվեարկում են նույն կետից: Յուրաքանչյուրին տրվել է 2 լիցքավորած SIM քարտ, որից պետք էր 15 րոպեների ընթացքում քվեարկել հնարավորինս շատ: