Հոլանդիայում բնակվող արվեստագետ Ալիկ Ասատրյանն արդեն ութ տարուց ավելի է, իրականացնում է «Վերմեեր և ավելին» (Vermeer and More) նախագիծը: Նկարաշարքն ընդրգրում է 40-ից ավելի ստեղծագործություն սեփական մեկնաբանությամբ' Յան Վերմեերի հայտնի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» հայտնի կտավի հիման վրա:

Նախագիծը դեռ ավարտին չի մոտեցել. հետաքրքիրն այն է, որ այս տարիների ընթացքում շարքի մեջ ընդգրկվել են բնորդուհիներ' Ալիկ Ասատրյանի հետ տարբեր առնչություններ ունեցող կանայք:

Ալիկ Ասատրյանի աշխատում է հասարակական մի կազմակերպությունում' ղեկավարելով արվեստանոց, որտեղ սովորում են հոգեկան խաթարում ունեցող անձիք: Արվեստագետի աշխատանքային պարտականությունը' նրանց հետ պահելու ինքնասպանության կամ կյանքին վնասող այլ փորձերից, ոչ միշտ է նպատակին հասնում:

Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» հայտնի կտավը հենց այն քաղաքում է պահպանվում, որտեղ ես ապրում եմ' Հաագայում: Երբ 18 տարի առաջ տեսա այդ դիմանկարը, սիրահարվեցի և երկար ժամանակ այդ սերն իմ մեջ՝ առաջ էի շարժվում:

Հետո' 2004թ.-ին, մասնակցեցի նկարիչների համար նախատեսված մի փառատոնի, որն անցկացվում էր ոչ շատ հեռու' Նորդվայկ կոչվող մի փոքրիկ քաղաքում: Այնտեղ էին գտնվում 170 նկարիչներ տարբեր քաղաքներից և եվրոպական երկրներից: Փառատոնը տևում էր 7 օր, թեման ծովն էր:

Հենց այդտեղ ծանոթացա հոլանդացի մի նկաչուհու հետ, ու սիրահարվեցինք (երկուսս էլ այդ ժամանակ ամուսնացած էինք): Այդ կնոջ հայացքը շատ նման էր Վերմեերի հերոսուհուն: Այդ նկարչուհին վերադարձիցս առաջ ինձ նվիրեց իր ականջօղը, որն սկսեցի ես կրել: Կապույտ քարով սովորական մի ականջօղ էր:

Հենց այս ամենից էլ առաջացավ միտքը՝ նկարելու այդ կնոջը իմ սեփական մեկնաբանությամբ: Սերն ապրեց 7 օր, և մենք հեռացանք իրարից: Մինչ այս օր էլ չենք հանդիպել: Այդ սիրուց էլ ծնվեց դիմանկարների շարքը:

 

 





























Մինչ նորից կանդրադառնանք մեր հարցազրույցի հիմնական թեմային, կպատմե՞ք, թե ինչպես եք տեղափոխվել Հոլանդիա և ինչո՞ւ:

Ծնվել եմ Մեղրիում 1960թ.-ին' առանց իմ կամքի, բայց շատ սիրեցի կյանքն ու ուրախ եմ, որ կամ: Փոքրուց եմ նկարում և չեմ կշտանում այդ ցանկությունից: Սովորեցի Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանում և ավարտելուց հետո Մեղրիում ստեղծեցի առաջին նկարչական դպրոցը:

Հոլանդիա տեղափոխվեցի հրավերով 1993թ.-ին: Արդեն շուրջ 11 տարի է' աշխատում եմ մի հասարակական կազմակերպությունում, որտեղ հոգեկան խանգարում ունեցողներին դասավանդում եմ նկարչություն և դրա հետ մեկտեղ, ելնելով փորձից և արդեն այստեղ ստացած ուսումից, օգնում եմ մարդկանց ծանր հոգեվիճակներից դուրս գալու, հոգեկան վախերի դեպքում' կպչուն մտքերից ազատվելու:

Վերդառնանք «Վերմեեր և ավելին» նախագծին: Հետաքրքիր է, որ ժամանակի ընթացքում տարբեր վարկածներ են առաջ բերվել, սակայն ամենատարածվածը թերևս մնում է այն, ով նկարիչը պատկերել է իր սիրուհուն (որը նրա սպասուհին էր)' Գրիդին: Եվ Ձեր պատմությունն էլ հետաքրքիր համեմատական զուգահեռներ անցկացնելու տեղիք տվեց: Կարելի՞է ասել, որ առաջին նկարից հետո մնացյալ 40-ից ավելի դիմանկարները ստեղծվել են այն էմոցիայի և զգացողության հիման վրա, որն այլևս իրականում գոյություն չունի:

Դե իհարկե, բոլոր դիմանկարները նկարելիս այդ կնոջ հանդեպ տածած զգացողությունս կար: Նկարելու ժամանակ միշտ կրում էի այն ականջօղը, որի մասին քիչ առաջ նշեցի: Մի օր, երբ փորձեցի հանել այն, չստացվեց. կպել էր, ու ամրակը մտել էր ականջիս մեջ: Կինս կատակով ասում էր' պատժվեցիր մեղքիդ համար: Բանը հասավ վիրահատարան, ու վիրահատող բժիշկը և վիրահատում էր, և միաժամանակ ծիծաղում' ասելով, որ երբեք այսպիսի պատմություն դեռ չէր լսել:

Չգիտեմ' տեղյա՞կ եք արդյոք, որ մի քանի տարի առաջ Նարեկ Ավետիսյանը ներկայացրեց իր «Սիմուլակրում» նկարաշարքը, որի հիմքում կրկին Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» հայտնի կտավի սեփական ձևափոխումներն էին:

Այս մասին ես տեղեկացել եմ մի քանի ամիս առաջ: Ինքս Նարեկին անձամբ չեմ ճանաչում, գիտեմ, որ Մինասի տղան է, և մենք ընդհանուր ընկեր ունենք, որն ինձ մոտ եղել է, երբ ես Հոլանդիայում անում էի այս շարքը: Ես մեկ-երկու նկար տեսա համացանցի օգնությամբ, և նույնիսկ ինձ գրեցին, որ գաղափարը վերցրել է, բայց ես պատասխանեցի և հիմա էլ համոզված եմ, որ այդ միտքը կարող էր ինչպես չինացի մի նկարչի, այնպես էլ Նարեկի մոտ ծագել: Ես, օրինակ, ավելի ազատ մոտենալով այս հարցին, շատ կուզեի ցուցադրություն ունենալ Նարեկի հետ համատեղ:

Չե՞ք կարծում, որ աշխարհի միօրինակության ժամանակներում ենք ապրում. մտածողությունն անկախ մեզնից ենթարկվո՞ւմ է արդյոք գլոբալացման տենդենցներին: Արվեստի վրա դա ինչպե՞ս է անդրադառնում:

Արվեստն անհատական մոտեցման խնդիր ունի, և արվեստագետի գործը պետք է իր նման լինի, իր ապրելաձևի, իր մտածողության. նկարիչներ կան, երբ նայում ես գործերին, տեսնում ես, որ ընդհանրապես նման չեն, այսինքն' նկարիչները, փոխարենը իրենց ներսում փնտրելու իրենց ով լինելը, դրսում են փնտրում:

Ներսի ու դրսի տարբերությունը ո՞րն է:

Երբ նկարիչն իր ով լինելու խնդրի մեջ է, զուգահեռ ստեղծում է նաև արվեստի գործեր, իսկ շատերին չի հաջողվում, որովհետև իրենք բարձր արվեստ ստեղծելու մոլուցքի մեջ են: Դա է իրենց ԷԳՈ-ի պահանջը: Ներսը հոգու խորքն է, իսկ դուրսը՝ շրջապատող աշխարհի մասին ինֆորմացիան, որը տարբեր ձևերով կրկնվում է:

Վերադառնալով Ձեր ներսային դրսևորմանը և շարքի պատմությանը' ինչպիսի՞ ընթացք ստացավ այն, երբ այլևս չկար հիմնական ներշնչման աղբյուրը: Այլ բնորդուհիներ եղա՞ն, թե՞ ամենը մտապատկեր է:

Մի աղջիկ կար, անունը' Եվա: Իմ աշակերտներից էր և մոտ 4 տարի սովորեց իմ արվեստանոցում' իսկական գեղեցկուհի և բարի մարդ, բայց, ցավոք, տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մենք շատ կապված էինք. ես գիտեի նրա կյանքի ողջ պամությունը:

2006թ.-ին էր, երբ արեցի նրա դիմանկարը այս շարքի շրջանակներում, նա շատ հավանեց, ուզեց գնել: Խոստացա, որ ցուցադրությունից հետո կնվիրեմ, ցավոք, չհասցրի, որովհետև մեկ ամիս անց ինքնասպան եղավ: Ամեն կերպ փորձում էի հետ պահել, երեք տարի հաջողվել էր… Ափսոս, աղջիկ:

Այդ դեպքից հետո ես ծանր հոգեկան վիճակում 7-8 ամիս փակվեցի տանը և չէի աշխատում. այդ տարի իմ արվեստանոցի երեխաներից երկու ամսվա մեջ երեքը ինքնասպանություն գործեց: Երբ վերադարձա աշխատանքի, հասկացա, որ նրանց պետք եմ: Ես շատ եմ կապված նրանց և դեռևս այս գործը թողնել չեմ կարող:

Բացի նկարչությունից՝ նկատում եմ, որ կինոարվեստով նույնպես տարված եք: Աշխատու՞մ եք այդ ուղղությամբ:

Կինոն միշտ եմ սիրել ու մեծ ցանկություն եմ ունեցել աշխատելու ֆիլմերի նկարահանման ընթացում: Ցանկությունս իրականացավ, երբ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ինձ հրավիրեց աշխատելու «Ձայն բարբառոյ անապատի» ֆիլմում' որպես բեմադրող-նկարիչ: Երկու տարի այդ ֆիլմի վրա աշխատելուց հետո Դոն Ասկարյանի հրավերով աշխատեցի իր ֆիլմում («Ավետիք»), և նախապատրաստական աշխատանքներից հետո պարզվեց' գլխավոր դերում ես պետք է խաղամ:

Չնայած, որ 4 տարվա փորձ ունեի ֆիլմերում և մեկ տարի էլ ռեժիսորական կուրսերի եմ մասնակցել «Հայֆիլմում»՝ ինձ հարազատ է մնում տեսախցիկից այն կողմ աշխատելու ընթացքը:

 

Այժմ ինչի՞ վրա եք աշխատում: Հայաստանի հետ որևէ փոխհարաբերություն կա՞ արվեստի բնագավառում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ցուցահանդեսների և արվեստի սիմպոզիումների եղա Իտալիայում, Բելգիայում, Քաթարում: Հուլիսի վերջին կմեկնեմ Շվեդիա, որտեղ երեք նկար պետք է նկարեմ և իրենց թողնեմ:

Այս պահին աշխատանքներս ցուցադրվում են Հռոմում, և կան հրավերներ Հնդկաստանից, Եգիպոսից, Ռումինիայից, Իրանից, բայց բոլորին չեմ կարողանա մասնակցել ֆինանսական պատճառներով, քանի որ ոչ միշտ է հրավիրողը հոգում ամբողջական ծախսը:

Ցավալին այն է, որ նույնիսկ Թուրքիայից երկու հրավեր ունեմ, բայց Հայասանից դեռևես ոչ. երևի սպասում են հետմահու ցուցադրություններին: Այնուամենայնիվ, ես անուղղելի լավատես եմ և քայլում եմ մի հողի վրա, որտեղով քայլել են Վան Գոգը, Ռեմբրանդտը, Վերմեերը, և ստեղծում եմ սեփական արվեստս:

Անուշ Քոչարյան