Հայ ազգը միայն երկու երգչուհիներից՝ Լիլիթ Հովհաննիսյանից ու Սիրուշոյից չի բաղկացած և հետևաբար, «Տաշիր 2013»-ի «Լավագույն երգչուհի» անվանակարգի հավակնորդների թվում միայն այս երկու երգչուհիներին նշելը ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից վիրավորում է մնացած երգչուհիներին:

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ընթերցողներից մեկը՝ որպես գրականագետ ներկայացրած Վիկտորյա Խաչատրյանը:

«Նա խոսում էր Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի մասին, կարծես թե միայն էս երկուսն են: Այնքան լավ երգչուհիներ կան, որ կոնսերվատորիան ավարտում են, դափնեկիրներ են ու ոչ մի անվանակարգում երբեք չեն նոմինացվում: Լիլիթ Հովհաննիսյանն այս տարի մեկ անգամ արդեն մրցանակ ստացել էր ու մեր ազգի համար վիրավորական չէ՞ր լինի, երբ նա նույնիսկ չէր կարողանում ֆոնոգրամայի տակ բերանը բացել-փակել, քանի որ «պլյուսավկայում» կար «շնորհակալություն» բառը, իսկ ինքը նույնիսկ իր բերանը չբացեց»,-ասաց Վիկտորյա Խաչատրյանը և հավաստիացրեց, որ բոլորը «ջղայնացած են» Շուշան Պետրոսյանի հարցազրույցից:

Հիշեցնենք, որ նա ասել էր.«Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարվա ընթացքում այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանն այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն»:

Ի պատասխան հարցի, թե Սիրուշոյի երկրպագու՞ն է զանգահարած քաղաքացին ասաց, որ ոչ, պարզապես օբյեկտիվ ունկնդիր է:

Վիկտորյա Խաչատրյանին զայրացրել է նաև Շուշան Պետրոսյանի հարցազրույցի մյուս հատվածը, որտեղ նա ասում է՝ «Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»:

Վիկտորյա Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Իսկ ընդհանրապես, ինքը ամենը ինչի արդարությա՞մբ է հասել», իսկ ի պատասխան ճշգրտման, թե ինչը նկատի ունի՝ ԱԺ պատգամավոր լինելը, գրականագետը նշեց՝ «ոչ միայն, բայց դա էլ: Ինքն արժանի՞ էր, որ լիներ խորհրդարանում»: