«New York Times -ը ներկայացրել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլիի կրծքագեղձերի հեռացման հետ կապված նոր մանրամասներ՝ հենց դերասանուհուց»,- գրում է tert.am-ը:

37-ամյա Ջոլին «Իմ բուժընտրությունը» վերնագրով անդրադարձ է հրապարակել թերթում, որում պատմում է, որ իրականում կրծքագեղձերի հեռացման գործընթացը տևել է 3 ամիս:

Իր սեփական մորը կրծքի քաղցկեղի պատճառով կորցրած Անջելինան գրել է. «Ես կարող եմ իմ երեխաներին ասել, որ չվախենան, թե կկորցնեն ինձ, թե ես զոհ կգնամ կրծքի քաղցկեղին»: Դերասանուհին պատմել է, որ իր երեխաները տեսնում են վիրահատությունից մնացած իր «փոքր սպիները», իսկ «մնացած ամեն ինչով նույն մայրիկն է»:

Վերջում Ջոլին գրել է, որ իր ընտրությունը ոչ մի դեպքում չի նվազեցնում իր կանացիությունը:

Այդ ամբողջ ընթացքում «ամեն րոպե» նրա կողքին է եղել «սիրող և աջակցող Բրեդ Փիթը», միասին նրանք ժամանակ են գտել «միասին ծիծաղելու»: «Մենք գիտեինք, որ դա ճիշտ է մեր ընտանիքի համար և որ դա էլ ավելի կմերձեցնի մեզ: Եվ այդպես էլ եղավ»: