Կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941թ. մայիսի 12-ին, Բաքվում: Վաղ հասակից տեղափոխվել է Դիլիջան, որտեղ 1959թ. ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցը: Զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ: Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն:

1965-69թթ. սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժնում:

1970-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում' որպես օպերատոր: Նկարահանել է 35 ֆիլմ: Ավարտելուց հետո, աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում: Այդ ֆիլմից հետո Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ աշխատել է Յուրի Երզնկյանի հետ: Երզնկյանի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը:

Երկար տարիներ աշխատել է ռեժիսորներ Յուրի Երզնկյանի, Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլոց հետ:

1980-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, 1994-ից' Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում' որպես կինոարվեստի ամբիոնի վարիչ: Հայաստանի Կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարն է: «Տակառագործը», «Օգոստոս», «Տեր ողորմյա» ֆիլմերի համար արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակի: Կրկնակի պարգևատրվել է Պետական մրցանակով:

«Հին օրերի երգ» /օպերատոր' Ռուդոլֆ Վաթինյան/

«Մեր մանկության տանգոն» /օպերատոր' Ռուդոլֆ Վաթինյան/