Մայքլ Ջեքսոնի դիահերձման արդյունքում բացահայտվել են փոփ լեգենդի կենդանության և մահվան մասին մի շարք մանրամասներ, գրում է CNN-ը։

Դիահերձման գործընթացն իրականացրած բժիշկ Քրիստոֆեր Ռոջերսը վկայություն է տվել դատարանում։ Նա նշել է, որ Ջեքսոնի շուրթերը վարդագույն են դաջվել, հոնքերն ու մազերի եզրագիծը՝ ավելի մուգ գույնի։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ջեքսոնը տառապել է վիտիլիգո կոչվող հիվանդությամբ (մաշկի գունակավորում՝պիգմենտացիա), ինչի հետևանքով մաշկի տարբեր հատվածներ սկսում են ակնհայտ սպիտակել։

Դիահերձման արդյունքում բացահայտվել է, որ Ջեքսոնը քնից առաջ պրոպոֆոլ կոչվող դեղամիջոցի չափից ավելի մեծ չափաբաժին է ստացել իր բժիշկ Քոնրադ Մյուրեյի կողմից, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը։ Ռոջերն ընդգծել է, որ դեղամիջոցը շատ վտանգավոր է, և այն չստանալու դեպքում երգիչը կշարունակեր նորմալ կյանք վարել, քանի որ դիահերձումը ցույց է տվել, որ նրա օրգանիզմը բավական ամուր է եղել։ Ռոջերը նաև բացառել է, որ Ջեքսոնը թմրանյութեր է օգտագործել։

Ներկայում երգչի մայրն ու 3 երեխաները դատական հայց են ներկայացրել AEG Live ընկերության դեմ, որի կազմակերպած համաշխարհային շրջագայության ընթացքում մահացել է Ջեքսոնը։ Մեղադրող կողմը պնդում է, որ ընկերությունը պարտավոր էր ավելի փորձառու բժիշկ ապահովել Ջեքսոնի համար, քան Մյուրեյն էր։ AEG Live-ն իր հերթին նշել է, որ Ջեքսոնն ինքն է պնդել Մյուրեյի թեկնածությունը։ Բացի այդ, ընկերությունը չի իմացել, որ բժիշկն ամեն երեկո Ջեքսոնին պրոպոֆոլ է տվել։