Ինչու՞ են դավաճանում ամուսինները

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին ու երազանքներին: Կան կանայք, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը ձեր, մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, հնարավոր է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում հաճելի փորձարարություններ, միգուցե խանդի տեսարաններից ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժոխքի:

Անհավատարմության մասին խոսելիս պետք է նշել կենսաբանական սկզբունքը, օրինակ' տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը' մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում են շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են անհավատարիմ: Նրանց սեռական կապերը լինում են հարաբերականորեն կարճաժամկետ. տղամարդիկ աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացումները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրելու ավելի երիտասարդ ընկերուհի:

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիկա այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ծայրահեղ քայլերի: Հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ընտանեկան կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ:

Եթե համակարգենք հիմնական հոգեբանական և սեռական պատճառները տղամարդկանց և կանանց անհավատարմության կունենանք հետևյալ տարբերակները: Անհավատարմություն թույլ տվողները

• Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ, մտածում են, որ արժանի են ավելի լավ կյանքի և անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

• Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ անդորրը ամուսնության մեջ:

• Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բարդույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինքնահաստատվելու նպատակով:

• Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ կյանքի մի այլ տարբերակ:
• Երբեմն անհավատարիմ են ի պատիժ իրենց ամուսնու, որին կասկածում են դավաճանության մեջ:

• Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս իր կենսակերպի մի մաս է համարում անհավատարմությունը, որովհետև դա ընկերական շրջապատում ավելորդ գլուխ գովելու և ինքնահաստատման գործոն է:

• Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:

• Դավաճանության "սպորտսմեններ”, որոնք ունեն նույնիսկ գրառումներ' անուններով, տարեթվերով… և նրանց հետաքրքրությունը միայն քանակն է, ոչ թե սեռական հարաբերությունը:

• Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնավորությունների և չեն համարում դա դավաճանություն:

• Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրականացնելու որոշակի սեքսուալ գործողություններ սեքսուալ զուգընկերոջ հետ, բայց համարում են, որ դա հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փնտրում են այլ սեքսուալ կապեր:

• Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորությունների, դրանով լրացնում են չստացված սերը և ուշադրությունը, որից զրկված էին մանուկ հասակում' փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛ ծնող, և՛սեքսուալ զուգընկեր:
• Որոշ դեպքերում դավաճանությունների հիմքում լինում են հոգեկան շեղումներ:

• Լինում են դեպքեր, երբ չեն համարում սեքսը մարմնավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են, որ չկա հոգեկան կապ, և դա զուտ մարմնական հաճույք է:

Եղեք ազնիվ և նայեք մի քանի քայլ առաջ'չփոխելով կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ: