Երեկ Սիլվա Հակոբյանն իր նվագախմբի, ընտանիքի անդամների, ընկերների և հարազատների հետ ուղևորվել էր Գյումրի, որտեղ հանդես եկավ մենահամերգով: Երգչուհուն ուղեկցել է նաև «esyes.am»-ը և այժմ ներկայացնում է համերգի մանրամասները:)Սիլվան իսկական տոն պարգևեց գյումրեցիներին: Երգչուհին խենթի պես ուրախանում էր բեմում ու ստիպում, որ հանդիսատեսն էլ իր հետ ուրախանա, երգի և պարի: Դահլիճը լեփ-լեցուն էր. նույնիսկ մեկ աթոռին երկու հոգով էին նստած, սակայն դա միայն համերգի սկզբում. մեկ-երկու երգ և հանդիսատեսը կանգնեց ու սկսեց պարել Սիլվայի հետ: Երգչուհին էլ այս ամենից ոգևորված ավելի ու ավելի էր խենթանում. ներկաները կփաստեն, որ նա ուղղակի «տժժում» էր բեմում և վայելում յուրաքանչյուր երգը: «Երաժշտությունն ինձ ստիպում է այդպիսին լինել՝ հատկապես կենդանի նվագակցության ժամանակ: Ամեն գործիքը յուրովի ինձ հաճույք է պատճառում և ես այնքան եմ տարվում երաժշտությամբ, տրվում երգին, որ սկսում եմ գժություններ անել: Ժողովուրդն էլ է դրանից ոգևորվում ու ընդունում այդ խենթությունը:

Ես դա մտածված չեմ անում, ուղղակի աշխույժ եմ ու շփումս հանդիսատեսի հետ շատ անկեղծ ու անմիջական է ստացվում: Ես Լիոնում այնքան էի ոգևորվել, որ հանեցի կոշիկներս, որոնք ինձ խանգարում էին ու ոտաբոբիկ շարունակեցի համերգը: Հանդիսատեսն էլ դա շատ բուռն և անկեղծ ընդունեց: Բեմում պետք է ազատ լինես և ոչինչ քեզ չխանգարի: Ես միշտ շատ ակտիվ եմ, չեմ սիրում մի տեղում կանգնել: Նույնիսկ նկարահանումների ժամանակ օպերատորները հաճախ նախապես մոտենում են ինձ ու ասում՝ Սիլվա ջան, խնդրում ենք, քիչ կշարժվես, որ հասցնենք ֆիքսել քեզ:)»,-«esyes.am»-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Սիլվան կենդանի նվագակցությամբ 24 երգ կատարեց գյումրեցիների համար՝ արժանանալով նրանց բուռն ծափերին և բրավոներին: Նա առաջին անգամ ներկայացրեց «Մամա, պապա» երգը, որը նվիրված է իր ծնողների ամուսնության երեսունամյակին: Երգչուհին նշեց, որ շատ երգերի ճակատագրեր որոշվել է հենց հանդիսատեսի արձագանքից. «Այս երգը և՛ եվրոպական շրջագայության ժամանակ, և՛ Գյումրիում շատ բուռն ընդունվեց ու ես հասկացա, որ այն իսկապես կսիրվի, սակայն դեռ չգիտեմ՝ տեսահոլովակ կլինի՞, թե՝ ոչ: Շատ ուրախ եմ, որ մամայիս ու պապայիս նվիրված երգ ունեցա: Երգի առաջին հատվածում բնութագրվում է մայրս, երկրորդում՝ հայրս»: Ի դեպ, վերջինիս նվիրված Սիլվան ևս մի նոր ստեղծագործություն երգեց և առաջին անգամ համերգային կատարմամբ ներկայացրեց «Պապա» երգը:

Իսկ օրվա ամենակարևոր, սպասված ու պատասխանատու քայլը, թերևս, Սայաթ-Նովայի երգը ներկայացնելն էր, որը ևս շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից: «Աշուղական երգեր շատ-շատ եմ սիրում, սակայն միշտ վախեցել եմ անդրադառնալ դրանց, քանի որ կարծում եմ՝ պետք է զգուշորեն մոտենալ նման երգերին: Այժմ դասերի եմ գնում աշուղական հայտնի երգիչ Մխիթար Քեթցյանի մոտ, ով ինձ սովորեցնում է ճիշտ երգել նման երգերը»,- ասաց Սիլվան և հավելեց, որ շատ է ցանկանում, որ իր սերնդակիցները հաճախ անդրադառնան նման երգերի, սակայն ճիշտ մատուցմամբ, ոչ թե էստրադային: Այսուհետև Սիլվայի երգացանկում շատ կլինեն նման երգեր: Նա արդեն ձայնագրել է մոտ ութ երգ:

Երգիչները հաճախ են նշում, որ գյումրեցիները բավականին պահանջկոտ են և այնտեղ մենահամերգով հանդես գալը քննության պես մի բան է: Սիլվայի հետ զրուցեցինք նաև այս մասին: «Պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ առաջին անգամ չէի Գյումրիում և հասցրել էի հասկանալ, թե գյումրեցիներն ինչքան պահանջկոտ են: Դա պայմանավորված է նրանով, որ իրենք իսկապես լավ են հասկանում երաժշտությունը և շատ կարկառուն ներկայացուցիչներ են տվել մեր մշակույթին: Ուրախ եմ, որ վերջապես կայացավ այս հանդիպումը ու կայացավ այնպես, ինչպես մենք էինք ցանկանում՝ կենդանի նվագակցությամբ և հաճելի երեկո ապահովեցինք գյումրեցիների համար»,- ասաց Սիլվան, իսկ նրա հայրը՝ Հակոբ Հակոբյանը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ Գուրգենին և Արթուրին:

Երգչուհին, սակայն, միայն գյումրեցիներին չէ, որ տոն պարգևեց: Սիլվայի երևանցի հավատարիմ երկրպագուներից երկուսը՝ Լիլիթն ու Լիդան, իմանալով, որ նա Գյումրիում համերգ է ունենալու, հասել էին այնտեղ՝ ևս մեկ անգամ լսելու սիրելի երգչուհուն: Գյումրի էր եկել նաև Սիլվայի մտերիմ ընկերը՝ երգիչ Սարգիս Ավետիսյանը:

Նշենք, որ Սիլվայի մենահամերգին ներկա լինելու ցանկություն էին հայտնել նաև մանկատներից և ծերանոցներից, ու երգչուհու հայրը, ով զբաղվում է նրա պրոդյուսերությամբ, սիրով հրավիրատոմսեր էր տրամադրել նրանց: Ի պատասխան երգչուհին շնորհակալագրեր ստացավ:)