ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ավագ դպրոցի 16-ամյա աշակերտուհի Կիերա Ուիլմոթն աչքի է ընկել գերազանց գնահատականներով և գիտության հանդեպ ունեցած սիրով, սակայն վերջերս իր կատարած գիտական փորձերը նրան դժվարին կացության առաջ են կանգնեցրել, գրում է Business Insider-ը:

Ապրիլի 30-ին Ուիլմոթը իր ընկերոջ հետ դպրոցի տարածքում գիտական փորձեր է իրականացրել: Նրանք խառնել են ալյումինե նրբաթիթեղը զուգարանակոնքի մաքրման համար նախատեսված լուծույթի հետ՝ այն լցնելով փոքրիկ շշի մեջ: 30 վայրկյան անց նյութերի միջև առաջացած ռեակցիայի հետևանքով շիշը պայթել է:

Փորձարկումից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը: Պայթյունի հետևանքով տուժողներ չեն եղել, սակայն ոստիկանությունը 16-ամյա աշակերտուհուն երկու մեղադրանք է ներկայացրել՝ «դպրոցի տարածքում զենքի օգտագործում» և «կործանարար սարքավորումների կիրառում»: Նաև նշվում է, որ աղջկա դեմ ոչ մի բողոք չէր ներկայացվի, եթե նա այդ փորձարկումներն արած լիներ դպրոցի տարածքից դուրս:

Գիտնականներն աշխարհի տարբեր երկրներից աջակցում են նրան, twitter-ի իրենց էջերում հրապարակելով պայթյունների, հրդեհների մասին, որոնք տեղի են ունեցել փոքր տարիքում կատարած իրենց փորձարկումների հետևանքով: