Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ապագա մայրը, հղիության ընթացքում սխալ սնվելով, վնասում է ոչ միայն իր, այլև երեխայի առողջությանը: Այս մասին գրում է Inopressa-ն՝ վկայակոչելով գերմանական Frankfurter Rundschau պարբերականում տպագրված հետազոտության հեղինակներին:

Մեծ քանակությամբ ճարպ և շաքար պարունակող սննդի չափազանց շատ օգտագործումը բացասաբար է ազդում դեռ չծնված երեխայի ուղեղում «ընդունման համակարգի» վրա, ինչը վերջնական արդյունքում հանգեցնում է երեխայի՝ սննդից կախվածություն ձեռք բերելուն: Հրապարակված արդյունքների մեջ նշվում է, որ ճարպով հարուստ և քաղցր սնունդը խթանում է երեխայի ուղեղում օպիոդների արտադրմանը, որոնք էլ նպաստում են երջանկության հորմոնի՝ դոպամինի արտադրմանը:

Հետազոտությունները կատարվել են առնետների վրա: Հետազոտության եզրակացության մեջ նշվում է, որ եթե այդ փորձարկումներն արվեին մարդկանց վրա, ապա կպարզվեր, որ երեխաները լավ ինքնազգացողություն ունենալու համար ստիպված են ուտել ավելի շատ քաղցր և ճարպով հարուստ սնունդ: