Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն

Մելպոմենյան տաճարի,

Կամարների տակ անմահ,

Ուր հայրենի հանճարի

Հուրն է վառվել անմար, -

Որ աստղերով շողշողուն

Եղել է միշտ հարուստ, -

Այսօր Քո ա՛ստղն է շողում,

Իբրև արև, օ՛, Արո՛ւս …

Եղիշե Չարենց

Արուս Ոսկանյանը (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարպասյան) ծնվել է 1889, թվականի ապրիլի 28 -ին Կոստանդնուպոլսում, ավանդապահ և օրինապահ ընտանիքում: Ապրել է անկարիք մանկություն, ստացել լավ կրթություն: Ավարտել է Էսայան վարժարանի նախակրթական բարձրագույն բաժինները, ապա ուսանել ֆրանսիական քոլեջում: Կրթությունն ավարտելուց հետո ընտրում է ուսուցչուհու գործը Ազգային հիվանդանոցի որբանոցում: Նա Էսայան վարժարանում դաստիարակվել էր հայրենասիրական ոգով, որի մեջ մեծ դեր է ունեցել նրա ուսուցչուհի՝ բանաստեղծուհի Սիպիլը: Բայց ուսուցչուհու գործը այնքան չէր գրավում նրան, որքան դերասանուհու աշխատանքը: Եվ Արուսյակ Դարբասյանի համար առաջին առիթը եղավ երիտասարդ Վահրամ Փափազյանի ժամանելը Կոստանդնուպոլիս: Աղջկան ոգևորում է երբեմնի դասընկերոջ առաջարկը՝ «Օթելլոյում» խաղալ Էմիլիայի դերը: Նշանված օրիորդը շատ համարձակ է գտնվում և արհամարհում է դրության բարդ լինելը ու ստիպված է լինում նաև հատուցել դրա համար: Շուտով փեսացուն հրաժարվում է նրանից, իսկ աղջկան ծնողները փախցնում են Բուլղարիա:

Երկրորդ առիթը Արուսյակ Դարբասյանին կապում է թատերական արվեստին: 1908 թվականին Բուլղարիայից վերադարձած օրիորդը դիտում է Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները: Թատերախմբի այդ կազմը, նրա տված ներկայացումները, այդ հյուրախաղերն նրա մեջ առաջացնում են բեմին նվիրվելու մեծ ձգտում: Շուտով Արուսյակ Դարբասյանը ծանոթություն է հաստատում Աբելյանի հետ, ստանում նրա մեծ հովանավորությունը, ստանում Սիպիլի օրհնությունը, և Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնում Կովկաս: Իսկ երբ օրիորդը մտերմանում, ապա և ամուսնանում է այդ թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, լիովին գտնում է իր տեղը թատրոնում: Օրիորդ Արուսյակ Դարբասյանին փոխարինում է դերասանուհի Արուս Ոսկանյանը, ով մեծ ճանապարհ է անցնում արվեստում:

Կովկաս գալով՝ Ոսկանյան ընտանիքը հաստատվում է Բաքվում: Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սև Քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական և օպերետային ներկայացումներում: Այստեղ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան և ինքնակամ ստանձնում նրա բեմական ուսուցիչը լինելու գործը:

Մինչև 1917 թվականը Ոսկանյանը հանդես է եկել Բաքվում, երբեմն էլ, Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ, շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում և այլուր: Այդ տարիներին շատ դերեր է խաղացել երիտասարդ դերասանուհին. Սոնա, Սուսան, Մարգարիտ՝ Շիրվանզադեի դրամաներում և այլն:

Դերասանուհու գործունեության հաջորդ փուլը (1917-1921թթ.) ընթանում է Թիֆլիսում: 1917 թվականից Ալեքսանդր Շիրվանզադեի՝ դերասանուհու հովանավորի խորհուրդներով ու աջակցությամբ, Ոսկանյանը հանդես է գալիս Թիֆլիսում, Հայոց դրամատիկական ընկերության խմբի կազմում:

Նրա մեծաթիվ դերերի մեջ առանձին նշանակություն է ստանում Կատերինան («Ամպրոպ», 1935թ.): Այս դերի վրա դերասանուհին աշխատել է շատ ու խորին բավականությամբ և հասել հաջողության:

Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և դերասանուհին, ով տանել չէր կարողանում տարեց կանաց դերերը՝ հանձն է առնում Մարիա Նիկոլաևնայի դերը «Ռուս մարդիկ» ներկայացման մեջ: Դա նրա վերջին դերն է լինում, ինչպես Զեյնաբի («Դավաճանություն») դերակատարումը 1943թ.-ի հունիսի 29-ին՝ վերջին խաղը:

Դերասանուհին մահացել է 1943 թվականի հուլիսի 20-ին՝ որովայնային տիֆից: