Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։

Համերգի ժամանակ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանսի (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավելի (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ) ստեղծագործությունները։

Թավջութակահար Արամ Թալալյանը հայտնի հայ երաժիշտների' Հենրիխ և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է: Ավարտելով Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան որպես թավջութակահար և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր' Թալալյանը վերադառնում է Հայաստան: Սկսած 1997թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հանդիսանում է «Երևանյան Բարոկ» և «Թալալյան եղբայրներ» ալտի-թավջութակի փառատոների գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը: 2010թ-ից Արամ Թալալյանը գլխավորում է Երևանում Գաֆեսճէան արվեստների կենտրոնի դասական երաժշտության համերգների շաբաթական շարքը: 1998թ-ից ղեկավարում է նաև հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը: 2000-2009թթ. հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը: Հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Քլոդ Ֆրանկը, Յո Յո Ման, Վլադիմիր Սպիվակովը, Յապ Շրյոդերը, Դիմուտ Պոպպենը, Ջեսսի Լևինը, Քրիստոֆեր Սթեմբրիջը, Էմին Խաչատուրյանը, Լևոն Չիլինգիրյանը և այլոք: Ա. Թալալյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, միջազգային փառատոների դափնեկիր, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների' թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողը և առաջին կատարողը: Պարբերաբար հանդես է գալիս ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում: 2009թ. դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի հետ համատեղ հիմնադրել է Ars Lunga դուետը, որում ծավալում է ակտիվ համերգային գործունեություն և աշխատում թավջութակի և դաշնամուրի համար «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի ստեղծման վրա: 2012թ-ին դուետը արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության Ոսկե շքանշանի:

Համերգի յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: