Դեմի Մուրը 1990-ականներին հոլիվուդյան դերասանուհիներից առաջինն էր, ում մեկ ֆիլմից ստացված հոնորարը կազմել է 10 միլիոն դոլար: Հենց այդ ժամանակներում Դեմի Մուրը համարվում էր աշխարհում ամենաճանաչված ու սիրված հոլիվուդյան դերասանուհիներից մեկը: Շատ ռեժիսյորներ էին երազում այդ շնորհաշատ աղջնակին տեսնել իրենց ֆիլմերում:

Ամերիկացի տաղանդավոր դերասանուհի Դեմի Մուրը (ԴեմետրյաԳինես) ծնվել է 1962թ-ի նոյեմբերին Մեքսիկո նահանգի Ռոզուելլ քաղաքում: Աղջնակի հարազատ հայրը՝ Դեմի Չարլզ Հարմոնը, լքել է նրա մայրիկին՝ Վիկորյաին, երբ Դեմին դեռ ծնված էլ չի եղել: Աղջկան մեծացրել են մայրն ու խորթ հայրը: Ընտանիքը, որտեղ մեծացել է Դեմին, եղել է անգործունակ եւ, մեղմ ասած, ոչ օրինավոր: Մայրն ու խորթ հայրը հարբեցողներ են եղել, չեն ունեցել մշտական կացարան եւ մի տեղից մյուսն են տեղափոխվել, տանը մշտապես լարված վիճակ է տիրել՝ ծնողների միջեւ անընդհատ կրկնվող վեճեր, տհաճ պատմություններ եւ այլն…. Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ փոքրիկ աղջնակի վրա: Դեմին իր «հոգատար ծնողների» շնորհիվ երեք տարեկանում արդեն զգում է ալկոհոլի համը, իսկ իննում՝ սկսում է մարիխուանա ծխել: Նրա «պայծառ մանկությունը» շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ ապագա դերասանուհու խորթ հայրը ինքնասպան է լինում: Դերասանուհու մայրը մահանում է գլխուղեղի քաղցկեղից՝ 1998թ-ին:

Արդեն 16 տարեկանում Դեմին, մոր հետ ունեցած վեճերից խուսափելու, ապրուստի միջոցներ վաստակելու համար, հեռանում է տանից, թողնում դպրոցը՝ աշխատանքի տեղավորվելով մոդելային գործակալությունում եւ նկարահանվելով բաց ֆոտոսեսիաներում: Դերասանական կարիերան սկսվում է հեռուստաընկերություններում, որտեղ նկարահանվում է մի շարք սերիալներում՝ մարմնավորելով, սակայն, երկրորդական կերպարներ: Կարելի է ասել՝ համաշխարհային ճանաչման է հասել 1990-ականներին: «Ուրվական»-ը առաջին ֆիմն էր, որտեղ դերասանուհին Պատրիկ Սուեյզի հետ հանդես է գալիս գլխավոր դերում՝ ունենալով մեծ հաջողություն: Այդ ֆիլմի նկարահանումներին իր պատկերացրած սանրվածքն ունենալու համար քմահաճ դերասանուհին մեկնում է Փարիզ: Ֆիլմից նկարահանումներից հետո դերասանուհուն վստահվում են եւս մի քանի գլխավոր դերեր. համաշխարհային ճանաչումն ու փառքն այլեւս իրողությունն էին: «Եթե պատերը կարողանային խոսել» ֆիլմում խաղալուց հետո, դերասանուհին, 1997թ-ի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, ներկայացված է լինում նոմինացիաներից մեկում:

Ունեցած հաջողություններին շուտով փոխարինում են անհաջողությունները: Դեմի Մուրի դերասանական կարիերայում ճգնաժամ է սկսվում. Պատճառը' դերասանուհու մի քանի ֆիլմերում ունեցած ձախողումներն էին: Ճգնաժամային տարիները տեւում են մինչեւ 2003թ-ը, հենց այդ ժամանակ էլ դերասանուհուն կրկին վստահվում են գլխավոր դերեր: Նկարահանվում է այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չարլիի հրեշտակները», «Բոբիի» եւ այլն…Դերասանուհու մասին ասում են՝ «Նա հաճախ է մարդկանց շոկի ենթարկում իր ասնպասելի եւ անկանխատեսելի քայլերով»,- եւ ավելացնում են՝ «Դեմի Մուրը յուրահատուկ է, իր նմանը Հոլիվուդում չկա, 50 տարեկան է, բայց 25 տարեկանի տեսք ունի»:

Տասնյակ մրցանակներ ստացած հաջողակ դերասանուհին, սակայն, այնքան էլ հաջողակ չէր անձնական կյանքում: Վերջերս նրա անձնական կյանքն ավելի բուռն է քննարկվում, քան կարիերան. «Երբ ես դերասանուհի դառնալու որոշում կայացրեցի, համակերպվեցի այն մտքին, որ ինձ անընդհատ հետեւելու են, խոսելու են իմ մասին եւ չսխալվեցի»,- խոստովանում է ԴեմիՄուրը: Առաջին ամուսինը՝ ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրն էր (դերասանուհին հենց նրա ազգանունն է կրում), ով ոչ միայն ամուսնանում է Դեմիի հետ, այլ նաեւ նրա համար ճանապարհ հարթում դեպի Հոլիվուդ: Զույգի ամուսնական կյանքը, սակայն, կարճ է տեւում՝ 1980-1985թթ.: Գուցե նրանց համատեղ կյանքը շատ ավելի բարեհաջող եւ հարթ ընթանար, եթե չպարզվեր, որ Ֆրեդի Մուրը թմրանյութերի սիրահար է: Նրա դրդմամբ դերասանուհին նորից սկսում է թմրանյութեր օգտագործել, որից հետո ստիպված է լինում բուժման կուրսեր անցնել:

Երկու տարի անց Դեմին ամուսնանում է երկրորդ անգամ: Աստղային զույգը միասին ապրում է 13 տարի, որի ընթացքում դերասանուհին երեք անգամ մայր է դառնում է' լույս աշխարհ բերելով երեք աղջիկների: Դերասանուհու վերջին ամուսնությունը դերասան Էշթոն Կատչերի հետ էր, ով փոքր էր Դեմիից մոտ 20: Այս վերջին ամուսնությունն էլ կարճ է տեւում՝ 2011թ-ի վերջերին զույգը հայտարարում է բաժանության մասին: «Եթե ես Կատչերի համար երեխա ունենայի, մենք չէինք բաժանվի»-, հետագայում ափսոսանքով խոստովանում է դերասանուհին: Բաժանությունը դերասանուհուն հասցնում խորը դեպրեսիայի: «Մենք երկար ժամանակ մայրիկին չէինք համարձակվում մենակ թողնել. հնարավոր էր՝ ինքնասպանություն գործեր»,- պատմում էին Դեմիի աղջիկները: Իսկ ինքը՝ դերասանուհին, բաժանումից հետո ունեցած հարցազրույցներից մեկում ասել է. «Ես միշտ վախեցել եմ, որ իմ սիրելի էակն ինձ կլքի, բայց դա իմ ամենամեծ վախը չէ, ի վերջո, եթե հարաբերությունները չեն ստացվում, ուրեմն այդ մարդը «քոնը չէ»: Ամենաշատը վախենում եմ՝ հետագայում հայացք նետեմ անցյալիս ու հասկանամ՝ ոչ ոք ինձ իրական սիրով չի սիրել»:

Վերջերս շշուկներ են պտտվում, որ Դեմին նորից սիրահարված է: Պապարացիների արած լուսանկարներից պարզ է դարձել՝ լուրն իսկապես հավատսի է: Դեմի Մուրի նոր սիրեկանը 31-ամյա Գարի Մորտոնն է, ով կապ չունի դերսանական աշխարհի հետ: Այժմ դերասանուհին լիովին նվիրված է իր աշխատանքին, իսկ Գարիի հետ նրան հաճախ կարելի է տեսնել՝ տարբեր վայրեր հաճախելիս:

Շատերն ինձ քած են համարում. իմ պատճառով իրենք իրենց հանդեպ կասկածով ու անվստահությամբ են լցվել:

Մեր հասարակության մեջ դեռ այն կարծիքին են, որ մերկանալով նկարահանումների համար՝ կորցնում ես բարոյական արժեքներդ:

Մարդու կյանքի գերագույն նպատակը պետք է լինի՝ կայանալ որպես անհատականություն՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները:

Կարիերա, երեխաներ, հետաքրքրություններ եւ սեր, եթե այս ամենը չես ունեցել, դեռեւս լիարժեք մարդ չես կարող համարվել:

Նիհար լինել, դեռ չի նշանակում լինել երջանիկ:

Ինչքան ինձ հիշում եմ, երազել եմ դառնալ կինոաստղ: