Ռուսալեզու «Նոյեվ Կովչեգ» լրատվակայքը հարցազրույց էր վերցրել մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանից: Ստորև ներկայացնում ենք այն:
«Հայերի ազգային արժեքների շարքում վերջերս ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում մտավոր ռեսուրսը: Չկա ոչ մի ցուցում կամ հանձնարարական, թե ինչպես հայրենիքում օգտագործել այդ ռեսուրսը: Փոխարենը հայ մտավորականությունը իր տեղը գտնում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ավելի ագրեսիվ հասարակական միջավայրերում: Բարձունքներ են յուրացնում, հասնում են հաջողության: Օրինակ ով կսպասեր, որ նախկին КВН-ի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կհայտնվի ռուս թանկարժեք աստղերի միջավայրում և հաջողությամբ կապրի ռուսական աստղային օլիմպոսի սահմանափակ տարածքում: Այսօր Գարիկ Մարտիրոսյանի տաղանդը, համառությունը և ունակությունները ոչ միայն բարձր վարկանիշ են ապահովում նրա ստեղծած «Քոմեդի քլաբի» համար, որը հեռարձակվում է ТНТ ալիքով, այլև բերում են մեծ գումարներ նրա կոմերցիոն նախագծերից: Մեր թղթակիցը հանդիպել է Գարիկի հետ և զրուցել այն մասին, թե ինչպես է նա ապրում և ստեղծագործում:
- Գարիկ, ի վերջո ո՞վ եք Դուք՝ շոումե՞ն, հեռուստահաղորդավա՞ր, թե՞ բժիշկ:
- Ես այն ամենն եմ, ինչ Դուք թվեցիք: Բացի այդ, ես КВН-ի շրջանավարտն եմ: КВН-ի միջոցով եմ ես հայտնվել հեռուստատեսությունում, և ամբողջ կյանքում այդ ակումբը կհամարեմ հեռուստատեսային հումորի դպրոց: Ինչպես իմ հարազատ դպրոցը Երևանում՝ համար 71-ը ինձ բազմակողմանի գիտելիք շնորհեց, այնպես է КВН-ն ինձ զինեց ընդհանուր սպառազինությամբ՝ սովորեցրեց, թե ինչպես է պետք պահել բեմում, նախապատրաստեց ինձ հեռուստատեսության համար: Ինչպե՞ս եմ ես ինձ զգում ТНТ ալիքում: Շատ լավ' և իբրև շոումեն, և իբրև պրոդյուսեր: Հեռուստադիտողը հավանաբար կարծում է, որ ես պարզապես դուրս եմ գալիս, հայտարարում եմ համարներն ու գնում: Իհարկե, աշխատանքի մեծ մասը մնում է կադրի ետևում՝ ես պատրաստում եմ մյուս մասնակիցների համարները, բայց դա տեսանելի չէ: Եթերում ցուցադրվող բոլոր համարներում ես իմ անմիջական մասնակցությունն ունեմ՝ թե սցենարը գրելու, թե բեմադրելու հարցում:
- «Քոմեդի քլաբի» հանրահայտությունը վկայում է, թե որքան ստեղծագործական էներգիա են դրա վրա ծախսում հեղինակները:
- Հաղորդման վրա իսկապես շատ մեծ էներգիա ենք ծախսում: Կուզեի նշել, որ հաղորդման հաջողության համար պարտական ենք ստեղծագործական կոլեկտիվին՝ «Քոմեդի քլաբի» հեղինակային կոլեգիային: Այլապես այնպիսի տպավորություն է, ասես Մոսկվայի գրեթե բոլոր հեղինակները մեզ հետ են աշխատում: Դա այդպես չէ: Մենք վեց հոգի ենք՝ Ալեքսեյ Լյապորովը, գլխավոր խմբագիրը և գրեթե բոլոր համարների համահեղինակը, Ալեքսեյ Պոյմանով, Սերգեյ Մինեև, Իլյա Ռոմանկո, Դեմիս Կարիբիդիս, Ռադիոն Բայգուլաևը Օսեթիայից՝ մեր լավ ընկերն ու հեղինակը: Ահա այն կազմը, որը պատրաստում է հաղորդումը:
- ТНТ-ի «Քոմեդի քլաբը» տարբերվում է ավանդական հեռարձակումներից, օգտագործում է շատ նոր և հաճախ չափազանց խիզախ բաներ…
- Հետագայում ավելի խիզախ ենք լինելու: Հեռուստատեսությամբ հումորային լավ հաղորդումները շատ են, ոմանք հայտնվում են, մյուսներն՝ անհետանում: Նրանք ցույց են տալիս ոչ թե ելույթ ունեցողի աշխարհազգացողությունը, այլ պարզապես ծիծաղեցնում են: «Քոմեդի քլաբը» մի փոքր այլ նպատակ ունի. մենք չենք ընդունում, որ կարող է լինել իրավիճակ, երբ մարդը ստեղծագործելիս համարձակ չգտնվի: Ցանկացած արվեստի ճյուղ պետք է խիզախ լինի՝ և կինոն, և երաժշտությունը, և հումորը:
- Հարց, որը հետաքրքրում է շատերին: «Քոմեդի քլաբում» հաճախ հնչում են կատակներ, որոնք հայերին են վերաբերվում, ակցենտով կատակներ և այլն: Դա ինքնաբերաբար է ստացվում, թե՞ մտածված քայլ է:
_Հավանաբար նկատի ունեք Պաշա Վոլյայի՝ իմ հասցեին արվող կատակները: «Քոմեդի քլաբում» կանխավ մտածված ոչինչ չկա, ոչ ոքի շահերը չենք քարոզում, դրանք կատակներ են առանց քաղաքական մոտիվացիայի: Բացի հայկական կատակներից և թեմաներից հաղորդման ժամանակ հնչում են ռուսական, ուկրաինական, թաթարական, հրեական, մերձբալթյան կատակներ: Երևում է' այդ կատակները տպավորվել են Ձեզ մոտ, և դրանք եք հիշում, բայց, ազնիվ խոսք, ոչ մի հատուկ, մտածված հայկական թեմատիկա «Քոմեդի քլաբում» չկա:
- Այսօր Ձեր հաղորդումը ոչ միայն ստեղծագործական, այլև ամենաթանկ կոմերցիոն նախագծերի տասնյակում է: Ուրիշ ի՞նչ նախագծեր ունեք:
- Աշխատում ենք բազմաթիվ հումորային նախագծերի վրա: Տարբեր պատճառներով ավելի մանրամասն չեմ կարող խոսել դրանց մասին, բայց մայիսին դրանք կտեսնեք ТНТ-ով, իմ անմիջական մասնակցությամբ:
- Հայաստանի երիտասարդությունը Ձեզ համարում է հաջողակ մարդ, Դուք ինքներդ Ձեզ համարու՞մ եք օրինակ, որին պետք է հետևել:
- Աստղային հիվանդությամբ կարող է տառապել միայն հիմար մարդը: Եթե մարդը դադարում է իրեն ադեկվատ գնահատել, իրեն համարում է ուրիշներից բարձր, ապա նա պարզապես հիմար է: Այն, ինչ մենք անում ենք «Քոմեդի քլաբում» և «Նաշա Ռաշայի» այլ նախագծերում, ոգեշնչում է ոմանց, դրդում նրանց ստեղծել իրենցը, նորը:
- Աստղերի անձնական կյանքը միշտ առաջացնում է մեծ հետաքրքրություն և ուշադրություն: Դժվար չէ՞ բոլորի աչքի առաջ ապրելը:
- Ես բացարձակապես չեմ թաքցնում իմ անձնական կյանքը: Պապարացիները, նրանք, ովքեր ուզում են հասարակության համար բացահայտել աստղերի գաղտնիքները, գիտեն, որ մենք զվարճանում ենք, հանգստանում, այցելում ռեստորաններ, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ: Եվ ոչ միայն Մոսկվայում, այլև բոլոր այն քաղաքներում, որտեղ լինում ենք: Հանգստանալիս լինում ենք ծովափերում, խմում ենք ու երբեք չենք թաքնվում: Մենք չենք կազմակերպում ինչ-որ փակ երեկույթներ, որոնց ժամանակ լուսանկարիչները կարող են ինչ-որ սկանդալային լուսանկարներ անել: Մեր ամեն ինչը բոլորի աչքի առաջ է, մեր ցանկացած միջոցառման ժամանակ ներկա են լրատվամիջոցները: Մենք ոչ ոքից ոչինչ չենք թաքցնում: Ենթադրենք, թե մի բաժակ գինի եմ խմում ու դա նկարում են: Հետո՞ ինչ: Ի՞նչ է փոխվի: Դա կարծես ժամանակակից հասարակության հիվանդություն լինի՝ բոլորն ուզում են պատշաճ ու սոլիդ երևալ: Ես կարծում եմ, որ պետք է պարզապես ապրել սեփական կյանքով: Իսկ սկանդալներն ընդամենը ուղղված են լրատվամիջոցների շրջանառությունը և կայքերի այցելումները մեծացնելուն: Այդ մասին երբեք չեմ էլ մտածել, ընդհանրապես դրանից չեմ լարվում:
- Հեռուստատեսություն, շոու, անընդհատ զբաղված եք: Որևէ կապ Հայաստանի հետ պահու՞մ եք:
- Կապեր եղել են և մնում են, դրանք շատ են: Ես գրեթե ամեն օր զանգում և խոսում եմ ընկերներիս, դասարանցիներիս, հարազատներիս հետ: Հայաստանում են ապրում մայրս ու հայրս, եղբայրս՝ կնոջ ու հրաշալի զարմիկներիս հետ, բազմաթիվ ընկերներս: Նրանց մասին միշտ մեծ ջերմությամբ եմ հիշում: Երևան գնում եմ երկու-երեք շաբաթով, և միևնույն է, չեմ հասցնում հանդիպել, տեսնել բոլոր նրանց, ում կուզեի տեսնել: Կարծես երբեք էլ Երևանը լքած չլինեմ. տպավորությունս այնպիսին է, ասես Մոսկվայում ժամանակավորապես հեռուստատեսային նախագծեր եմ իրականացնում, իսկ մտքով այնտեղ եմ՝ Երևանում: Եթե Երևանում ինձ առաջարկեն որևէ նախագիծ իրականացնել, մեծ հաճույքով կանեմ դա: Ոչ թե իբրև հումորիստ, այլ իբրև սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր: Վերջին աշխատանքը Երևանում արել եմ ութ տարի առաջ՝ «Մեր բակը-3» ֆիլմում. այնտեղ երգում էի:
Բայց դա վաղուց էր: Ժամանակն է որևէ նոր բան ձեռնարկել:
- Իսկ կարո՞ղ է որևէ մեկը կրկնել Ձեր թիմի՝ «Նոր հայերի» հաջողությունը:
- КВН-ն իր առանձնահատկությունը ունի՝ դա խաղ է նրանց համար, ովքեր լավ են խոսում ռուսերեն: Ցավոք, այսօր հայ երիտասարդությունը ռուսերենին չի տիրապետում, այնքան լավ, որ կարողանա գալ Ռուսաստան, Ուկրաինա կամ Ղազախստան և պայքարել ուժեղ թիմերի հետ: Հայաստանում КВН-ը տեղական բնույթ է կրում, և ես ոչ մի կապ չունեմ դրա հետ:
_Որտե՞ղ եք գտել Միխայիլ Գալուստյանին:
_Գալուստյանը ծնվել և մեծացել է Սոչիում, նա Սոչիի КВН-ի թիմում է եղել և հայկական թիմի հետ կապ չունի: Մենք նրա հետ աշխատել ենք «Արևից հոգնածները» նախագծում, որտեղ ես հանդես էի գալիս իբրև համահեղինակ: Հետագայում այդ համագործակցությունը վերաճեց «Նաշա Ռաշայի»:
- Մի քանի տարի առաջ Գարիկ Մարտիրոսյանը ԱԺ-ում պատգամավորության թեկնածություն էր դրել: Պատրաստվում էիք շոումենի կարիերան փոխել քաղաքական գործչի կարիերայի հե՞տ:
- Կախված է նրանից, թե ինչ առաջարկ կլինի: Եթե առաջարկեն ղեկավարել Բրազիլիան, չեմ հրաժարվի: Ինձ համար շատ հետաքրքիր կլինի Բրազիլիան նախագահելը. ողջ կյանքում դրան եմ ձգտել:
- Իսկ ինչու՞ ոչ Հայաստանը:
- Հայաստանը շատ դժվար է ղեկավարել:
- Այնուամենայնիվ, առաջադրվե՞լ եք իբրև պատգամավոր:
- Ես չեմ առաջադրվել: Պարզապես եղել եմ Հայաստանի երիտասարդական կուսակցություններից մեկի ցուցակում: Ցուցակում լինելը չի նշանակում առաջադրվել: Ես այդ կուսակցության անդամը չեմ եղել. ցանկացած մարդ կարող է լինել ցանկացած կուսակցության ցուցակում՝ դա չի նշանակում, որ այդ կուսակցության անդամ ես. հիմա «Եդինայա Ռոսիան» կարող է կանչել ինձ, կամ ՌԼԴԿ-ն, կամ ՌԴԿԿ-ն և ասել՝ մենք ընտրության ենք գնում, արի մտիր մեր ցուցակների մեջ: Դա չի նշանակում, թե ես այդ կուսակցության անդամ եմ: Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել՝ ոչ ռուսական, ոչ հայկական: Եվ ընդհանրապես շատ հեռու եմ քաղաքականությունից:
- Իսկ եթե առաջարկե՞ն:
- Կհրաժարվեմ, որովհետև չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել: Ես ապաքաղաքական հեռուստատեսային պրոդյուսեր եմ: Կարևորը, որ տանն ամեն ինչ կարգին է: Պաշտում եմ կնոջս ու երեխաներիս: Ամեն բան այսպես էլ շատ լավ է: