Պրոթեզներ արտադրող «Touch Bionics» ընկերությունում մասնագետները ստեղծել են արհեստական ձեռքի պրոթեզի հեղափոխական տեխնոլոգիա: Ձեռքն այսուհետ հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնով՝ հատուկ հավելվածի օգնությամբ, գրում է Russian Today-ը:

Նոր բիոլոգիական ձեռքն իրականից քիչ է տարբերվում: Ալյումինե մատները կարող են շարժվել, իսկ դաստակը կարող է ծալվել և բացվել: «Touch Bionics» ընկերությունը հայտարարել է, որ սա ամենամանրակրկիտ մշակված պրոթեզն է, որը երբևէ թողարկվել է: Բացի այդ, այն նաև առաջին արհեստական ձեռքն է, որը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով:

Նոր սարքավորումը ստեղծողներն առաջարկում են այն օգտագործելու 24 ալգորիթմներ: Պրոթեզի ծրագրավորումը, որպեսզի այն կարողանա կատարել պահանջվող գործողությունները, հնարավոր է դարձել բջջային սարքի էկրանի վրա գտնվող հատուկ պիտակի վրա սեղմելով: Ինովացիոն պրոթեզ օգտագործողը կկարողանա շախմատ խաղալ, մթերք մաքրել և տարբեր իրեր տեղափոխել:

Սակայն ընկերությունում նշել են, որ սա չի նշանակում, որ պրոթեզը հնարավոր չի լինի կառավարել սովորական եղանակով, այսինքն՝ թևի մկաններից դեպի արհեստական ձեռք եկող ազդակների միջոցով: