Ըստ ավանդության' հենց այդ ծառից է կախվել Քրիստոսի աշակերտ Հուդան:
Բակլազգիների ընտանիքին պատկանող Cercis բուսաբանական դասն ընդգրկում է 7 տեսակ, որոնց թվին է պատկանում նաեւ Գրիֆիթի հուդայածառը (Сercis griffithii Boiss): Այն Հայաստանում խիստ հազվագյուտ հանդիպող ծառատեսակներից է եւ ներառված է ՀՀ «Կարմիր գրքում»: Հուդայածառը բնականորեն աճում է միայն Մեղրու տարածաշրջանում՝ թփուտների մեջ, փոքր խմբերով, ծովի մակերեւույթից մինչեւ 700 մ բարձրությունների վրա:

Այժմ այն «բնակություն» է հաստատել նաեւ Երեւանում' շրջապատի գորշությունից տարբերվող գեղատեսիլ ծառերի կամ ծաղկազարդ թփերի տեսքով: Ա. Իսահակյանի անվան պուրակում, Աբովյան փողոցի վրա, Մաշտոցի պողոտայի վրա եւ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում անցորդների ուշադրությունն է գրավում հեռվից մի մանուշակագույն ծաղկեփունջ թվացող հուդայածառը: Ծառն առանց ուշադրության չի մնում նաեւ տարվա մյուս եղանակներին. ամառն այն ցուցադրում է իր յուրօրինակ սրտաձեւ տերեւները, իսկ աշնանը' լոբանման պտուղները:

Թե ինչպես է Երեւանում «բնակություն» հաստատել եւ թե ինչ առանձնահատկություններ ունի այս հետաքրքիր ծառատեսակը, «Eritasard.am»-ին պատմում է Նարինե Զաքարյանը' ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության եւ սնկաբանության ամբիոնի ասիստենտը:

«Ըստ ավանդության' Հիսուսի աշակերտ Հուդան նրան մատնելուց հետո կախվել է ցերցիս ծառից: Մատնիչի արյան գույնով էլ ծառի սպիտակ ծաղկաթերթիկները ներկվել են կարմիր: Հետեւաբար ծառը ծագմամբ Մերձավոր Արեւելքից է՝ Միջերկրածովյան ավազանից, իսկ նրա մասին առաջին հիշատակումները հայտնաբերվել են Իտալիայում: Հուդայածառը Հայաստանի ֆլորային բնորոշ է: Մեր երկրում դեռեւս մի քանի տասնամյակ առաջ ինտրոդուքցվել է ծառի եվրոպական տարատեսակը, որն այժմ կարելի է տեսնել մայրաքաղաքի փողոցներում»,- նշում է Նարինե Զաքարյանը:

Ի դեպ, նա շեշտում է, որ ծառն այդքան էլ շատ կողմնակի գործառույթներ չունի: Հուդայածառն առաջին հերթին գեղազարդիչ է, որն աջակցում է քաղաքի կանաչապատմանը, աղմուկի քանակի նվազեցմանը, ածխաթթու գազի կլանմանն ու թթվածնի արտադրմանը: Այդ ամենից զատ՝ ծառը նաեւ մեղրատու է, նրա բնափայտը շատ արժեքավոր է, իսկ սերմերը կիրառվում են որպես համեմունք: Ասում են, որ Չինաստանում այս ծառն ունի նաեւ դեղագործական կիրառություն:

Ծառի արտաքին տեսքի մասին Նարինեն փաստում է. «Հուդայածառը կարող է արտահայտվել ե՛ւ որպես վառ ուրվագծվող հաստ բնով ծառ (օրինակ' Մաշտոցի պողոտայի վրա), ե՛ւ որպես թուփ (օրինակ՝ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում): Ծառի առանձնահատկությունը կաուլիֆլորիա երեւույթն է, երբ ծաղիկները բացվում են բույսի բնի եւ ճյուղերի ողջ մակերեսի վրա»:

Ի դեպ, Նարինե Զաքարյանի հավաստմամբ' Հայաստան են ինտրոդուքցվել նաեւ գեղազարդիչ դեր կատարող մի շարք այլ ծառեր եւ թփեր, օրինակ' ալբիցիան, դիակասկը, կատալպան, մերկասերմերը, եղեւնիները, գիհիները, որոնք ոչ միայն զարդարում են քաղաքը, այլեւ մաքրում այն աղտոտումից: