Ընկերս հրավիրեց ինձ իր նշանածի ծննդյան երեկույթին: Քանի որ հյուրերի մեծ մասն աղջկա ընկերուհիներն էին, ես հասկանում էի, որ ինձանից այդ երեկո ակնկալվում է մեծ ակտիվություն. պետք է կիթառ նվագեի, կենացներ ասեի և հիացնեի հյուրերին: Որպեսզի չմերժեմ, ընկերս խոստացավ ինձ ծանոթացնել իր նշանածի ընկերուհու հետ' ակնարկելով, որ ես ու այդ գեղեցկուհին պարզապես ստեղծված ենք միմյանց համար: Ես իհարկե ընկերոջս բառերին չհավատացի, բայց և այնպես, համաձայնեցի:

Վաղուց ձեռքս կիթառ չէի վերցրել: Երեկոն հիանալի անցավ, և հյուրերը մեծ բավականություն ստացան: Իսկ ընկերուհին... պարզվեց, որ դա իմ նախկին համակուրսեցին էր, որի հետ ժամանակին մի քանի հանդիպում էինք ունեցել, սակայն հարաբերություններն այդպես էլ լուրջ ընթացք չէին ստացել: Մենք երկար զրուցեցինք, հիշեցինք ուսանողական տարիները: Ես հասկացա, որ նա իրոք իմ երազանքների աղջիկն է: Շուտով սկսեցինք հանդիպել, և ես հերթական անգամ համոզվեցի, որ ընկերներին պետք է վստահել: Կարեն, 29 տ.

Հաջողված արձակուրդ

Այդ տարի արձակուրդ կարողացա վերցնել միայն սեպտեմբեր ամսին: Բոլոր ընկերներս արդեն վերադարձել էին ամառային հանգստից և այժմ գտնվում էին ոչ այնքան երանելի ֆինանսական վիճակում: Մնալով մենակ' որոշեցի ընտրել որևէ էկզոտիկ երկիր և մեկ-երկու շաբաթով փախչել: Կողմնորոշվելու համար գնացի տուրիստական գործակալություն: Այնտեղ բավական շատ մարդ կար: Երբ վերջապես հասավ իմ հերթը, հետևումս կանգնած աղջիկը, որը ողջ ժամանակ բարձրաձայն խոսում էր հեռախոսով' շեղելով բոլորի ուշադրությունը, հերթը խախտեց ու ինձանից առաջ անցավ: Երբ մտա գործակալի մոտ, արդեն չափազանց զայրացած ու հոգնած էի որևէ բան ընտրելու համար: Ուստի ասացի, որ ինձ համար միևնույն է և ընտրեցի առաջարկած առաջին իսկ ուղղությունը: Ի զարմանս ինձ, թռիչքի օրն օդանավակայանում հանդիպեցի այդ նույն աղջկան: Այս անգամ առիթը բաց չթողեցի և մոտեցա նրան: Պարզվեց, որ մենք միևնույն երկիրն էինք մեկնում և կանգ էինք առնելու նույն հյուրանոցում: Ի դեպ, նա նույնպես մենակ էր ճամփորդում: Ավելի ուշ' արդեն հյուրանոցում, մենք ափսոսում էինք միայն մի բանի համար, որ դեռևս գործակալությունում չէինք ծանոթացել: Բավականին գումար կտնտեսեինք, եթե վերցնեինք համատեղ ուղեգիր, քանի որ նրա հյուրանոցային համարը ողջ հանգստի ընթացքում դատարկ մնաց: Վիկտոր, 28 տ.

Անկեղծ ընկերություն

Ես աշխատում էի միջազգային ընկերությունում և երազում էի նշանակում ստանալ գլխամասային գրասենյակում, որը գտնվում էր Նյու Յորքում: Երազանքս իրականացնելու համար սկսեցի անգլերենի խորացված դասընթացներից: Այնտեղ ծանոթացա Մոնիկա անունով մի ամերիկուհու հետ, որը հենց Նյու Յորքից էր և օգնում էր ուսանողներին հմտանալ անգլերենի իմացության մեջ: Մենք որոշեցինք օգնել միմյանց. նա երազում էր ավելի լավ սովորել մեր լեզուն, իսկ ես ցանկանում էի բարելավել անգլերենիս իմացությունը: Ուստի սկսեցինք հաճախ հանդիպել և, քանի որ Մոնիկան Միացյալ Նահանգներում ընկեր ուներ, հենց սկզբից պայմանավորվեցինք լինել պարզապես ընկերներ: Շուտով ես ստացա բաղձալի նշանակումը, Մոնիկան նույնպես վերադարձավ Նյու Յորք: Ես բոլորովին մենակ էի այդ ահռելի քաղաքում, և Մոնիկան ինձ շատ էր օգնում. ցույց էր տալիս տեսարժան վայրերը, ծանոթացնում օգտակար մարդկանց հետ: Որպես շնորհակալության նշան մի երեկո նրան ընթրիքի հրավիրեցի: Այդ ժամանակ Մոնիկան, արցունքն աչքերին, պատմեց, որ ընկերը, չհավատալով մեր անկեղծ շփմանը, խանդի տեսարան էր սարքել ու լքել աղջկան: Չդիմացա. զանգահարեցի Մոնիկայի ընկերոջն ու տղամարդկային զրույցի կանչեցի' բացատրելով, որ մենք պարզապես ընկերներ ենք, և ես երբեք չեմ հավակնել զբաղեցնել նրա տեղը: Նա ինձ հավատաց: Դեռ ավելին, մի քանի օր անց հրավիրեց մի երեկոյի և ծանոթացրեց շատ համակրելի և, կարևորը, ազատ աղջիկների հետ: Ալեքս, 30 տ.

Անակնկալ

Հանգստյան օրը որոշել էի անցկացնել տանը, սակայն ընկերներս ինձ ֆուտբոլային խաղի հրավիրեցին: Երկար բանակցություններից հետո ի վերջո համաձայնեցի: Քանի որ իմ տոմսը ստիպված էինք գնել վերջին պահին, ես նստեցի ընկերներիցս բավական հեռու: Իմ հարևանությամբ աղջիկների աղմկոտ մի խումբ էր: Նրանք անդադար խոսում էին խանութներից, նվերներից ու աղջիկներից մեկի մոտակա հարսանեկան արարողությունից. լսում էի նրանց ու չէի հասկանում, թե ինչու են մարզադաշտ եկել: Երբ խաղը սկսվեց, աղջիկներից մեկը վերջապես կտրվեց զրույցից ու սկսեց ինձ հարցեր տալ կանոնների ու խաղացողների վերաբերյալ: Առաջին խաղակեսի ավարտին այնքան էի տարվել զրույցով, որ գրեթե մոռացել էի ընկերներիս մասին: Իսկ երբ մեր երկրպագած թիմը հաղթեց, հնարավորություն ստացա հրավիրել նոր ծանոթուհուս' Հասմիկին, մոտակա սրճարանը' հաղթանակը նշելու: Սամվել, 25 տ.

Խոսում են կանայք

Թերևս, Հասմիկն իրոք դուր էր եկել մեր հերոսին, եթե նա հենց ծանոթությունից հետո նրան սրճարան է հրավիրել: Հուսով եմ՝ այնտեղ նրանք ոչ միայն ֆուտբոլային հարցերի շուրջ են զրուցել: Կարծում եմ՝ Սամվելը պետք է կատարի հաջորդ քայլը և Հասմիկին կինո հրավիրի' որևէ ռոմանտիկ կատակերգություն դիտելու: Աննա, 27 տ.