Աստղերի առաջացմանը հետևելն այդքան էլ հեշտ չէ. Արեգակի նման աստղերի առաջացման համար անհրաժեշտ են տասնյակ միլիոնավոր տարիներ: Որպեսզի աստղագետները կարողանան բնութագրել աստղառաջացման երևույթը, ստիպտված են այդ գործընթացը ներկայացնել մաս-մաս, ուսումնասիրելով էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող աստղերը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական աստղերի մեծ մասը, Արեգակի նման, ձևավորվել են հսկա աստղասփյուռներում' կազմված մեծ քանակով երիտասարդ աստեղերից, որոնք էլ հետագայում հեռանում են իրենց «ծննդավայրից»:

Աստղագետների մի միջազգային խումբ' Տոլեդոյի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Ալենի ղեկավարությամբ հետազոտել է հյուսիսային կիսագնդում գտնվող Ցեֆեոսի համաստեղության Cep ՕB3b աստղակույտը: Հետազոտությունները ցույց են տվել որ աստղերի ընդհանուր թիվն այդ աստղակույտում հասնում է 3000-ի: ՆԱՍԱ-ի կողմից ուղարկված «Սպիտցեր» արբանյակի միջոցով այդ աստղերի ուսումնասիրությունն ինֆրակարմիր տիրույթում ցույց է տվել, որ այդ աստղերից մոտ 1000-ը շրջապատված են գազափոշային սկավառակով, որոնցից էլ այդ աստղերի շուրջը կարող են ձևավորվել մոլորակային համակարգեր:

Աստղերի «ծերանալուն» զուգընթաց այդ սկավառակն անհետանում է, քանի որ այն կազմող գազն ու փոշին վեր են ածվում կամ մոլորակների, կամ էլ պարզապես ցրվում են տիեզերքում:

Այս մասին Թոմաս Ալենն ասել է. «Հետազոտելով Cep OB3b-ի նման աստղակույտերը, կարող ենք ավելի լավ հասկանալ այն պայմանները, որոնցում տեղի է ունենում մոլորակների առաջացումը»: