Բրիտանացի երգչուհի Ադելը Լաս Վեգասում համերգից մեկ օր առաջ հայտարարել է ելույթը հետաձգելու մասին: Երգչուհին չի կարողացել զսպել զգացմունքներն ու արտասվել է։ Նրա խոսքով՝ ինքն ավելի քան մեկ օր փորձել է խուսափել չեղարկումից, սակայն սարքի առաքման ուշացման եւ իր թիմի ներկայացուցիչների COVID-19 կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխանի պատճառով շոու պատրաստելու շանսեր չեն եղել:
«Ողջույն։ Ցավում եմ, բայց շոուն պատրաստ չէ: Մենք ամեն ջանք գործադրել ենք, որպեսզի այն լավ լինի եւ տեղի ունենա ժամանակին, սակայն ամեն ինչ ավերվել է մատակարարումների ձգձգման եւ կորոնավիրուսի պատճառով։ Ես դատարկված եմ», - ասել է երգչուհին։
«Ուիքենդներն Ադելի հետ» պետք է մեկնարկեին հունվարի 21-ին եւ տեղի ունենային մինչեւ ապրիլի 16-ը։ Համերգներին նա ցանկանում էր ներկայացնել իր նոր՝ «30» ալբոմը։ Նոր ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ: