Մազերի տարատեսակ շամպունները մեզ գրավում են իրենց փաթեթավորմամբ, գեղեցիկ եւ խոստումնալից գրություններով: Սակայն քչերին է հայտնի, որ գրեթե բոլոր շամպուններում առկա են պրոպիլեն գլիկոլիում եւ նատրիումի լաուրիլսուլֆատ. երկու առավել վնասակար քիմիկատներ: Ապացուցված է, որ դրանք չորացնում են մաշկը, բացասաբար են ազդում լյարդի վրա, վնասում են աչքերը, ինչպես նաեւ վատացնում են հիշողությունը: Ամենավատն այն է, որ այս նյութերն առկա են նաեւ մանկական շամպունում: Բայց չէ՞ որ 50 տարի առաջ շամպուններն այսքան առատ չէին: Եվ կանանց մազերն ավելի գեղեցիկ էին եւ բնական փայլ ունեին: Իսկ ինչո՞վ փոխարինել շամպունը: Այս հարցով NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Հասմիկ Դավթյանին:

«Իհարկե, մեր նախատատերը մազերի խնամքի այսպիսի միջոցներ չունեին, որոնք վաճառվում են այսօր: Բայց, միեւնույն է, նրանք մեզանից ավելի վատ տեսք չունեին: Ուզում եմ ներկայացնել շամպունի բնական փոխարինիչներով 2 բաղադրատոմս, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տանը:

1. Վերցնել 1 ճաշի գդալ մանանեխի փոշի, կեֆիրով խառնել՝ մինչեւ դառնա թթվասերանման զանգված, ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ բուսական յուղ: Ստացված զանգվածը քսել կեղտոտ մազերի ամբողջ երկարությամբ եւ գլխամաշկին, մերսել, ծածկել պոլիէթիլենի տոպրակով եւ բրդե գլխարկով: Պահել՝ որքան կարող եք դիմանալ, լավագույն դեպքում՝ 15-20 րոպե: Այնուհետեւ լվանալ: Կարելի է ցողել ջրի, քացախի եւ բույսերի թուրմի խառնուրդով: Արդյունքը՝ մազարմատների խթանում, արյան հոսք դեպի գլխամաշկ, լրացուցիչ սնուցում:

Կամ այսպիսի տարբերակ յուղոտ մազերի համար. 1 ճաշի գդալ մանանեխը բացել 2 լիտր տաք ջրում:

Գլուխը լվանալ, իսկ ցողել կարելի է խոտաբույսերի թուրմով՝ տատրակի, եղինջի, սրոհունդի, եզան լեզվի: Վերցնել 2 գդալ խառնուրդ, վրան 2 լիտր եռացրած ջուր լցնել, 30 րոպե թրմել եւ քամել:

2. Վերցրեք 4-6 կտոր սեւ հաց (կախված մազերի երկարությունից), դրեք խորը տարայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք եւ մի գիշեր թողեք: Առավոտյան կստանաք հացային շիլա, որով էլ լվացեք գլուխը: Մազերը ցողեք քացախի եւ խոտաբույսերի թուրմի հետ խառնած ջրով: Արդյունքը՝ մաքուր եւ փայլուն մազեր:

Կամ նման բաղադրատոմս յուղոտ մազերի համար. 150 գր. տարեկանի հացի վրա եռացրած ջուր լցրեք: Շիլայով «օճառեք» գլուխը՝ թողնելով 5-10 րոպե: Այնուհետեւ ջրով խնամքով լվացեք: Գեղեցիկ փայլ հաղորդելու համար մազերը ցողեք կեչու տերեւների թուրմով:

Խոտաբույսերը վաճառվում են ցանկացած դեղատանը՝ փաթեթը 200-300 դրամով: Իհարկե, այս բաղադրատոմսերն ավելի շատ ժամանակ են պահանջում, քան պատրաստ շամպունները: Սակայն ժողովրդական միջոցներով մազերը լվանալուց հետո այդ մասին կարելի է մոռանալ նվազագույնը մեկ շաբաթ»: